Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ.

«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ». այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

242
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 10:45
«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ». այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ՝ «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…»:

Շառլ Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը այսօր կդառնար 95 տարեկան: Լեգենդար երգիչը ծնվել է 1924թ մայիսի 22-ին Փարիզում: Ազնավուրը մի քանի հարյուր երգերի հեղինակ է, որոնցից շատերը համաշխարհային անմահ հիթեր են:

«Հավանաբար իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստատեղս եւ այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել»,- հարցազրույցներից մեկում ասել է Շառլ Ազնավուրը:

Ազնավուրը մինչ այժմ վաճառել է 100 միլիոնից ավելի ձայնագրություն: 1998 թվականին CNN-ի և Time Online-ի անցկացրած հարցման արդյունքում Ազնավուրը ճանաչվել է դարի լավագույն կատարող՝ առաջ անցնելով Էլվիս Փրեսլիից և Բոբ Դիլանից:

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»,- ասել է սիրված երգիչը:

Ազնավուրը հսկայական աշխատանք է կատարել 1988թ երկրաշարժից տուժածներին օգնելու համար: 2004թ Ազնավուրը ճանաչվել է Հայաստանի Ազգային հերոս, իսկ 2008թ ստացել է ՀՀ քաղաքացիություն:

Նա մահացել է 94 տարեկան հասակում:

«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: