Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

245
Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ., 23:20
Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

Երևանում այսօր ներկայացվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ www.azdararir.am-ը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ինչպես նաև պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

«Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ճանապարհով տանելու նպատակով կարևորվում է ռազմավարական և ինստիտուցիոնալ քայլերի զուգակցումը: Այդ համատեքստում շատ եմ կարևորում ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի գործարկումը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ հարթակի միջոցով անձը հնարավորություն ունի անանուն եղանակով ներկայացնել հանցագործության մասին հաղորդում, ինչը հնարավորություն կտա կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը որակական նոր փուլ տեղափոխել:

Նախարարը վստահեցրել է, որ Կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, երաշխավորելու է անձի անանունությունը նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (IP) ծածկագրելու միջոցով, իսկ հաղորդման բովանդակության գնահատման և ստուգման երաշխավորը Գլխավոր դատախազությունն է լինելու:

Ավարտելով խոսքը՝ արդարադատության նախարարն ակնկալել է բոլորի ակտիվ մասնակցությունը՝ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն դրսևորելու առումով: