Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ՀԱՊԿ լիագումար նիստն աշնանը տեղի կունենա Երևանում

304
Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 23:40
ՀԱՊԿ լիագումար նիստն աշնանը տեղի կունենա Երևանում

Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ներկայացված են եղել ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների, ինչպես նաև ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Սերբիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակությունները: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը վարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նիստի սկզբում Վոլոդինը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապացությամբ և ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցելու առիթով: Նա առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերը հայաստանյան կողմի հրավերով անցկացնել 2019թ. աշնանը Երևանում:

Առաջարկն ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի բոլոր անդամների կողմից, ինչի վերաբերյալ կայացվել է համապատասխան որոշում:

Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատվել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

Օրակարգում ընդգրկված են եղել նաև 2019թ. ՀԱՊԿ-ում Ղրղզական Հանրապետության նախագահության առաջնահերթությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում համատեղ մոտեցումների ձեւավորման, 2016-2020թթ. ՀԱՊԿ ԽՎ աշխատանքային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև կազմակերպչական հարցեր: