Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանի բնավորության ամենավատ կողմերից մեկը». Գագիկ Համբարյան

665
Կիրակի, 19 մայիսի, 2019 թ., 16:45
«Նիկոլ Փաշինյանի բնավորության ամենավատ կողմերից մեկը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ վերադարձրեց Ռոբերտ Քոչարյանին քաղաքականություն. հետհեղափոխական շրջանում Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից մեկը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալն էր, որի հեղինակը, չզարմանաք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է... Այո՛, հենց Փաշինյանի գործունեության հետևանքով էր, որ 2008-ից քաղաքական լուսանցքում գտնվող և մինչև 2018-ը բազմաթիվ ելույթների և վերլուծությունների հրապարակման միջոցով քաղաքական դաշտ հետ վերադառնալու ապարդյուն փորձեր արած Ռոբերտ Քոչարյանը կրկին դարձավ քաղաքական դաշտի ակտիվ ֆակտոր... Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնավորության ամենավատ կողմերից մեկը՝ դիմացինին թերագնահատելն է, ինչպես նաև անձնական և իր թիմային շահերը պետական շահերից վեր գնահատելն է, ինչի արդյունքում էլ իշխանության գալուց հետո նա և իր թիմը բազում ձախողումներ են ունեցել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում, որոնցից վերջինն ավելի ցայտուն է և վնասում է Հայաստանի միջազգային վարկանիշը... Պարոն Փաշինյանը, իր անձնական վրեժխնդրությունն առաջ տանելով (մարտի 1-ի 10 զոհերի մասին մշտապես բարձրաձայնումներն ընդամենը պատրվակ են), այս մեկ տարվա մեջ կարողացավ հասարակության կողմից գրեթե մոռացության մատնված ՀՀ երկրորդ նախագահին դարձնել ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևորագույն ֆակտորներից մեկը... Ռոբերտ Քոչարյանի հակաքարոզն անելով՝ ձերբակալելով և ազատություն տալով՝ գործող իշխանությունները թերագնահատեցին նրա հնարավորությունները և ընկան ծուղակի մեջ... Փաշինյանը փորձում էր Քոչարյանի գործը ներկայացնել որպես հասարակ քրեական գործ՝ մոռանալով, որ ընդունի կամ չընդունի, Քոչարյանը քաղաքական գործիչ է, և նա կամ նրա թիմակիցները չէ, որ որոշելու են Քոչարյանը քաղաքական գործիչ է, թե՝ ոչ... Քոչարյանի ձերբակալությունը և դրան հետևած գործընթացները ցույց տվեցին, որ շատերը և հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ նախագահ Վ.Պուտինը, բազմաթիվ մեսիջներով հասկացրեցին ՀՀ իշխանություններին «հեռու մնալ Քոչարյանից», ցույց տալով, որ վերջինիս գործը Մոսկվայում դիտարկում են որպես քաղաքական հետապնդում... Այս ընթացքում դեռ լռում է Եվրոպան և ԱՄՆ-ն և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Քոչարյանի գործը որպես խաղաթուղթ, որոշ ժամանակ անց, չի օգտագործվելու վերջիններիս կողմից ՀՀ-ի հետ հարաբերություններում... ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովի սկանդալային հետկանչից հետո Քոչարյանի գործը երկրորդ խոշոր ձախողումն է Փաշինյանի համար, որն արդեն թունավորում է Հայաստանի թե՛ ներքաղաքական վիճակը, թե՛ Հայաստան-Արցախ հարաբերությունները, թե՛ ազդում արտաքին քաղաքականության վրա...
Հ.Գ. Փաշինյանը լավ կլինի անարդարության դեմ պայքարն սկսի ոչ թե 2008-ի դեպքերից, այլ 1996-ի նախագահական սկանդալային ընտրություններից և 1990-ականների սկզբի քաղաքական սպանությունները բացահայտելուց, որպեսզի մարդկանց մոտ փարատվի այն կասկածը, որ պարոն վարչապետը պարզապես վրեժխնդիր է լինում Քոչարյանից...»: