Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 26 մայիսի, 2019 թ.

«Կոնդի որևէ բնակիչ չպետք է տուժի». Մեսչյանը հանդիպել է կոնդեցիների հետ

118
Շաբաթ, 18 մայիսի, 2019 թ., 00:30
«Կոնդի որևէ բնակիչ չպետք է տուժի». Մեսչյանը հանդիպել է կոնդեցիների հետ

Երևանի՝ կանգուն մնացած ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի խնդիրը տասնամյակներ շարունակ չի լուծվել՝ ավելի ու ավելի մեծ խնդիր դառնալով թաղամասի բնակիչների համար: Այստեղ չկան կենցաղային տարրական պայմաններ, այդ թվում՝ կոյուղագիծ: Բնակիչներն իրենց խնդիրներով այսօր հավաքվել էին քաղաքապետարանի առջև, մասնավորապես պահանջելով իրենց տարածքների նոր ու ճշգրիտ չափագրում:

Նրանց ընդունել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները չի ընդունել:

«Կատարվել են թերի չափագրումներ, և հիմա մենք պահանջում ենք, որ կատարվի լրացուցիչ չափագրում: Կան նաև տներ, որ ընդհանրապես ներառված չեն տվյալների որևէ համակարգում: Մի շարք տներ ու տարածքներ էլ մինչ օրս չեն սեփականաշնորհվել, և առկա են միայն վարձակալության պայմանագրերը, մինչդեռ օրենսդրությամբ դրանք վաղուց պետք է փոփոխված և սեփականաշնորհված լինեին»,- նշեց բնակիչներից Նաիրա Երեմյանը:

«Կոնդը փոքր քաղաք է, և մինչև ճշգրտումներ չարվեն, չի կարող որևէ նախագիծ լինել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Կոնդի որևէ բնակիչ չտուժի: Դրա համար այժմ քննարկում ենք և ուզում ենք գտնել տարբերակներ, որից կշահեն և՛ բնակիչները, և ՛ քաղաքը»,- ընդգծեց Արթուր Մեսչյանը:

Կոնդն ամբողջությամբ հանրային գերակա շահ ճանաչելու գաղափարին բնակիչների զգալի մասը դեմ է, հատվածաբար կառուցապատման միտքն ավելի ընդունելի են համարում: Կոնդեցիներն իրենք էլ են ցանկանում, որ քաղաքը զարգանա, նաև կառուցապատվի, սակայն չանտեսվեն իրենց իրավունքները: Բացի այդ, ըստ նրանց, պետք է պահպանվի քաղաքի կոլորիտն ու պատմական կերպարը:

Բնակիչները խոսեցին նաև մի շարք այլ խնդիրների մասին:

Երևանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ կձևավորվի Կոնդի վերակառուցման հայեցակարգը մշակող հանձնաժողով, որի աշխատանքներում կներգրավվեն ինչպես պատմաբաններ, մշակույթի գործիչներ, այնպես էլ՝ բնակիչներ: Հայեցակարգի մշակումից հետո միայն ճարտարապետները կանցնեն նախագծային փուլին:

«Մեկ կամ մի քանի օրում այս բոլոր հարցերին պատասխանել, իհարկե, չենք կարող, սակայն մանրամասն ուսումնասիրելուց հետո կկազմակերպենք մեր հաջորդ հանդիպումը»,- ասաց Մեսչյանը: