Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 26 մայիսի, 2019 թ.

«Փաշինյանի համար կարևորը ոչ թե երկրի կայունությունն է, այլ սեփական անձնական վրեժխնդրությունը». Վ. Սարգսյան

104
Ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ., 02:10
«Փաշինյանի համար կարևորը ոչ թե երկրի կայունությունն է, այլ սեփական անձնական վրեժխնդրությունը». Վ. Սարգսյան

Երբ անցյալ տարի ամռանը ծավալուն վերլուծություն հրապարակեցի այն մասին, թե ներհայկական ինչպիսի ճգնաժամի, այժմ կասեմ նաև՝ աղետի, կհանգեցնի Քոչարյանին դատավարական գործընթացների մեջ ներքաշելը, մտավոր սահմանափակ կարողությունների տեր որոշ հատվածներ ինձ համարեցին իբրև Քոչարյանի պաշտպան։

Իրականում այսօր ՀՀ-ում տեղի է ունենում այն, ինչը բառացիորեն նշել էի շուրջ մեկ տարի առաջ․ իշխանափոխությունից և ցնցումներից ուշքի չեկած երկրում բացարձակ անփորձ, փողոցային պայքարից հանկարծակի և անսպասելի կերպով իշխանական աթոռին հայտնված, դեռ երկրի թացն ու չորը չըմբռնող, երկրի խորքային խնդիրներից անտեղյակ արկածախնդիրների մի խումբ բառացիորեն առաջին օրն իսկ որոշում է դատավարական խրթին գործի մեջ ներքաշել ֆինանսական աննորմալ ռեսուրսների տեր, ՀՀ ամենասերտ դաշնակից Ռուսաստանի ակնհայտ համակրանքը վայելող, միջազգային խոշոր կապերի և ՀՀ-ում բազում ռեսուրսների տեր մի անձնավորության։

Խելագարության հավասար այս քայլը երկու հետևությունների տեղիք կարող է տալ․
1․ Փաշինյանի համար կարևորը ոչ թե երկրի կայունությունն է, այլ սեփական անձնական վրեժխնդրությունը,
2․ Գիտակցելով հանրությանը համախմբելու և երկիրը կտրուկ զարգացման տանելու սեփական անկարողությունը՝ Փաշինյանը հանրության համար ստեղծեց «հավերժական զբաղմունքների» մի շղթա։
Փաստերից դատելով՝ կյանքի իրավունք ունեն ինչպես այս հետևություններից ամեն մեկը, այնպես էլ երկուսը միասին վերցրած։

Պարզորոշ է, որ Փաշինյանը, գավառական վարքուբարքը հասարակական հարաբերություններ ներմուծելով, երկիրը սրընթաց կերպով տանում է դեպի քաղաքացիական պատերազմ։ Այդ երբեմնի ընդդիմադիր գործիչն այդպես էլ չի կարողանում իր մեջ ուժ գտնել և իրեն համարել ինչպես իրեն ընդունող, այնպես էլ չընդունող քաղաքացիների վարչապետը, բոլորի վարչապետը։ Նա այս մեկ տարվա ընթացքում 《համաժողովրդական շարժման վարչապետից》 ողջ ուժով վերածվեց 《Քոչարյանի հակառակորդների առաջնորդի》։ Երբեմնի ընդդիմադիր լրագրողի իր բառապաշարով ու վարքագծով վարչապետ հանդես եկող Փաշինյանը պետք է խոնարհվի լայն հանրության առջև, հանրություն, ով, հակառակ երկրի ղեկավարի անուղղակի կամ ուղղակի, գիտակցված կամ չգիտակցված պառակտիչ ու քայքայիչ գործունեությանը՝ իր մեջ դեռևս ուժ է գտնում կանգուն մնալու, չերերալու և լուռ սպասումների մեջ առաջ շարժվելու։

Չնայած վերոնշյալ դրական երևույթին, այդուհանդերձ, երկրի իշխանությունները զարգացումները հասցրել են այն մակարդակին, որ արդեն և՛ ՀՀ, և՛ Արցախի բարձրաստիճան ներկայացուցիչները ստիպված են պարբերաբար հայտարարել, որ ՀՀ-ի և Արցախի միջև որևէ լարվածություն չկա, փոխարենը կան աշխատանքային քննարկումներ և այլն։ Այստեղ ես հիշեցի ՀՀ-Վրաստան հարաբերությունները, երբ կենացներում, լրատվամիջոցների առջև մեղր է ծորում, իսկ վարագույրի հետևում գարշահոտություն է։

Եկել է պահը, որ լայն հանրությունն իր մեջ ուժ գտնի և պատասխանի հետևյալ հարցադրմանը․ ո՞րն է օրվա հրամայականը․ հանրության կոնսոլիդացիա՞ն, համազգային համերաշխության միջավայրում ներդրումների երկրաչափական պրոգրեսիայով ա՞ճը, երկրի բազմակողմանի զարգացման հայեցակարգի և օրակարգի մշակու՞մը, ավանդական կուսակցությունների և հեղինակավոր կառույցների, այդ թվում՝ սփյուռքի ներուժի ուղղորդումը երկրի զարգացմա՞նը, հասարակական հարաբերությունները կարգավորող ինստիտուտների զարգացու՞մը, արցախյան հիմնահարցի հայանպաստ կարգավորման համար պայմանների ստեղծու՞մը, աշխարհասփյուռ և բեկորված հայության դարավոր երազանքների իրականացման համար տեսլականի մշակումը՞, կայացած, հզոր պետություն ունենա՞լը, վերոնշյալ այս ամե՞նն է կարևորը, թե՞ ․․․ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակողներին բացահայտողի քողի տակ հանդես եկող մի դաշնազույգի անձնական վրեժխնդրական կրքերին հագուրդ տալը»: