Երևան`   +29 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Զարուհի Բաթոյանը`սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրների մասին

120
Հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ., 00:35
Զարուհի Բաթոյանը`սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրների մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կարծում է, որ մայիսի 4-ին «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը կազմակերպված հակաքարոզչություն է եղել: Նախարարը թեմայի շրջանակում Հանրայինի եթերում հիշել է 2 տարի առաջ իր տված հարցազրույցներից մեկը, որտեղ նա խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների և սեռական կյանքի մասին. «Այս ընթացքում այդ հակաքարոզչություն իրականացնողները որոշեցին այդ ֆիլմը տարածել՝ շահարկելով դա, որ ես այլասերում եմ տարածում: Այնինչ, իսկապես, խնդիրը հենց իրազեկումն է, առողջ ապրելակերպն է, անձնական, սեռական կյանքի իրավունքն է, որը պետք է հիմնված լինի առողջ հարաբերությունների, իրազեկված փոխհարաբերությունների վրա»,- եթերի ժամանակ ասել է Զարուհի Բաթոյանը:

Սոցիալապես անապահով ընտանիքների խնդիրներին անդրադառնալով՝ նախարարը նշել է. «Ընդհանուր առմամբ նպաստը և ընտանեկան խնդիրներին ուղղված աջակցությունը չի կարող ամբողջությամբ ապահովել ընտանիքի բարեկեցությունը»:

Նրա խոսքով՝ նախարարությունը այժմ աշխատանքային խումբ է ստեղծել, որը վերանայում է նպաստի ողջ համակարգը: «Այս համակարգի վերանայման արդյունքում, մենք պետք է վերանայենք նաև այն աջակցության փաթեթները, որ տրամադրում ենք քաղաքացիներին: Այսինքն՝ ընտանիքները ունեն տարբեր կարիքներ և դրանից կախված ևս աջակցությունը լինելու է տարբերակված»,- ասել է Բաթոյանը:

Նրա խոսքով՝ պետք է վերանայվի քաղաքացիներին նպաստ տալու համակարգը. ընտանիքներին միայն չնչին գումար տրամադրելու փոխարեն՝ պետությունը պետք է քաղաքացուն օգնի գտնել աշխատանք կամ անցնել կարճաժամկետ դասընթացներ, վերապատրաստումներ և այլն. «Պետք է աջակցենք քաղաքացուն աշխատանքի շուկայում իրացվելու և, ինչու ոչ, նաև այդ պայմանով տրամադրենք աջակցությունը, որովհետև շատ երկրներում ընդունված պրակտիկա է, որ ընտանեկան նպաստի աջակցությունը տրամադրվում է պայմանով, որ մարդը ընդգրկվում է կրթական ծրագրերում, վերապատրաստումներում, և ինքը պարտավորվում է նաև զարգացնել իր հմտությունները, որ հետագայում էլ ունենա աշխատանք»,- թեման եզրափակել է նախարարը: