Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ.

«Երբ բացվում է առավոտը». Ձախ Հարութի մասին վավերագրական ֆիլմը համացանցում է

116
Երկուշաբթի, 13 մայիսի, 2019 թ., 17:20
«Երբ բացվում է առավոտը». Ձախ Հարութի մասին վավերագրական ֆիլմը համացանցում է

Համացանցում հայտնվել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանին՝ Ձախ Հարութին նվիրված նոր վավերագրական ֆիլմ: «Երբ բացվում է առավոտը» ֆիլմը նկարահանել են Positive և HK production-ները: Սցենարի հեղինակն է Սոնա Ալեքսանյանը, բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանը:

Ֆիլմում ներկայացվում է Ձախ Հարութի անցած ստեղծագործական ճանապարհը, հատկապես շեշտադրվում են 1989 թվականին Հարութ Փամբուկչյանի՝ Հրազդան մարզադաշտում կայացած համերգները: Հիշեցնենք, որ 1989 թվականին Հարութ Փամբուկչյանն ուղիղ 6 օր աննախադեպ համերգներով հանդես է եկել հենց այս մարզադաշտում՝ լեփ-լեցուն հանդիսատեսին պարգևելով բացառիկ երեկոներ: Այդ համերգներին մասնակցած սերունդները դրանք մինչ օրս մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում: Ձախ Հարութը համերգներից ստացած հասույթն այդ տարի ուղղեց բարեգործության՝ որպես աղետի գոտում տուժածներին օգնություն:

26 րոպե տևողությամբ ֆիլմում առկա են Ձախ Հարութի և նրա ընկերների հարցազրույցները: Ընդ որում՝ Ձախ Հարութի հարցազրույցները նկարահանված են խորհրդանշական Հրազդան մարզադաշտում: Ներկայացվում են բացառիկ կադրեր, որոնք մինչ այդ չեն հրապարակվել:

Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կներկայանա բացառիկ համերգով: «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգային երեկոյին արտիստը կներկայացնի ինքնատիպ համարներ: Համերգն այս խորհրդանշական մարզադաշտում անցկացնելու գաղափարը միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի պրոդյուսեր Խաչիկ Եղոյանինն է: