Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

ԱՄՆ-ն Հայաստանին լրացուցիչ կտրամադրի 7,449,000 դոլար

121
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 22:15
ԱՄՆ-ն Հայաստանին լրացուցիչ կտրամադրի 7,449,000 դոլար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 8-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 12 փոփոխությամբ տարբերակը։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից:

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի կառավարության կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին։

ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 7,449,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:

Շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը, նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը հայ ժողովրդին գործուն աջակցություն ցուցաբերելու համար՝ Տիգրան Խաչատրյանը մասնավորապես ասել է․ «Մեզ համար արդեն երկար տարիների լավ ավանդույթ է դարձել, որ ԱՄՆ կառավարությունը բազմաթիվ աջակցության ծրագրերով իր նպաստն է բերում հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ ուղղություններին, և այս մեկ լրացուցիչ հնարավորությունը, որն ընձեռվեց Հայաստանի կառավարությանը, բացառություն չէ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ խորհրդակցելով՝ մենք խնդրելու ենք, որ աջակցությունն ուղղվի զբոսաշրջության զարգացմանը, գյուղատնտեսությանը, ընդհանրապես փոքր բիզնեսին, որը համարում ենք, որ ամենամեծ ներառական աճի հնարավորություն է ընձեռում տնտեսության զարգացման և մեր ժողովրդի համար»։ Նախարարը նաև հավելել է, որ այս նպատակաուղղված հասցեական համագործակցությունը դեռ շատ օգուտներ է բերելու։

ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Խաչատրյանին ջերմ ընդունելության համար, նշելով, որ ուրախ է լինել Հայաստանում այս նոր ձևաչափով համագործակցությունը շարունակելու համար։ Ալեքս Սոկոլովսկու խոսքերով, ՄԶԳ-ն ամեն կերպ օգնում է գործընկեր երկրներին, որպեսզի իրենք զարգացնեն իրենց կարողությունները, իրենց սեփական ուժերին ապավինելու կարողությունները։ «Այս նպատակի համար անհրաժեշտ է, որ մենք սերտորեն համագործակցենք մեր գործընկերների հետ և, ի վերջո, գանք մի այնպիսի իրավիճակի, երբ մեր աջակցության կարիքը նրանք այլևս չեն զգա։ Առաջիկա ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ և շատ հնարավորություններ, որտեղ մենք կարող ենք աջակից լինել ձեր նպատակների իրագործման համար։ Մենք ուրախ ենք տեսնել, թե մեր այս շարունակական համագործակցությունը ինչպես է ապահովելու հետագա ընթացքը և զարգացումը», - ասել է Ալեքս Սոկոլովսկին։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը կնքվել է 2010թ. օգոստոսի 6-ին՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման համար ԱՄՆ կառավարության կողմից ԱՄՆ ՄԶԳ միջոցով Հայաստանի կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով։

2010-2018թթ. ընթացքում մշակվել և ստորագրվել են Համաձայնագրի թիվ 1-ից մինչև 11 փոփոխությունները, որոնք կատարվել են ԱՄՆ կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով։ Ֆինանսական հատկացումներն իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների համար:

ԱՄՆ կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 73,255,406,36 ԱՄՆ դոլար:

Թիվ 12 փոփոխությամբ Համաձայնագրի ստորագրումից հետո, ԱՄՆ կողմից տրամադրվող դրամաշնորհների ընդհանուր գումարը կկազմի 80,704,406.36 ԱՄՆ դոլար: Կերկարաձգվի նաև Համաձայնագրի իրականացման ժամկետը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 30-ը։