Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Քեյթ Ռայան. «Կհանդիպենք մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ երեկոյին»

388
Հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ., 18:05
Քեյթ Ռայան. «Կհանդիպենք մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ երեկոյին»

«Voyage Voyage» երգով մեծ ճանաչում ձեռք բերած ֆրանսիացի երգչուհի Քեյթ Ռայանը մեծ ակնկալիքներ ունի լեգենդար Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյից: Հիշեցնենք, որ հայազգի լեգենդ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ երեկո կանցկացվի, որին, ի թիվս այլ արտիստների, հանդես կգա նաև Ռայանը:

Մինչ Հայաստան ժամանելը՝ Ռայանը հանդես է եկել տեսաուղերձով, որում մասնավորապես նշված է. «Ողջո՜ւյն Հայաստան: Ես Քեյթ Ռայանն եմ, և ձեզ հետ կհանդիպեմ մայիսի 26-ին Երևանում՝ մեծն Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ համերգին: Շուտով կտեսնվենք»:

Տեղեկացնենք, որ բացի Քեյթ Ռայանից «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: