Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Այսօր Կրկնազատիկ է

388
Կիրակի, 28 ապրիլի, 2019 թ., 11:20
Այսօր Կրկնազատիկ է

Այսօր Կրկնազատիկ է կամ Նոր կիրակի։ Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառով: Դրանք են՝ ազատությունը, հարությունը և փրկությունը: Հայտնում է qahana.am կայքը։

Ըստ աղբյուրի՝ Զատիկն ազատություն է նշանակում, և այս օրը կրկնակի ազատության օր է, հետևյալ պատճառով. թեպետ և Քրիստոս մեզ ազատեց մեր մեղքերից՝ Իր առաջին գալստյամբ, սակայն մեր մարմինը դեռ գտնվում է կրքերի ազդեցության ներքո, այսինքն՝ քաղցի, ծարավի, երկյուղի, տրտմության և այլն, իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, այդ ժամանակ դա կոչվում է Կրկնազատիկ:

Երկրորդ՝ Կրկնազատիկ է կոչվում մեր կրկնակի հարության պատճառով: Առաջին կիրակի օրը Քրիստոս մեզ հարություն տվեց իր Հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի, և մեռելներից հարություն առնելով՝ պիտի անմահանանք: Այդ պատճառով էլ այս օրը կոչվում է Կրկնազատիկ, և մեր կրկնակի հարության օրվա պատկերն է:

Երրորդ՝ Կրկնազատիկ է կոչվում մեր փրկության պատճառով: Տերն առաջին կիրակի օրը երևաց աշակերտներին և նրանց հաստատեց հարության հավատի մեջ, իսկ երկրորդ կիրակի օրը երևաց, որպեսզի փրկի Թովմասին թերահավատությունից։

Դարձյալ՝ Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ և տոնախմբությամբ, և ոչ ինչպես հինը, քանզի հնում նավակատիքը միայն մարմնավոր ուրախության համար էր: