Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.

Կամերային նվագախումբը Ռուբեն Ալթունյանի 80-ամյակի առթիվ հանդես եկավ համերգով

136
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 18:05
Կամերային նվագախումբը Ռուբեն Ալթունյանի 80-ամյակի առթիվ հանդես եկավ համերգով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80-ամյակին նվիրված գեղեցիկ համերգ է իրականացրել: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, կատարեց Ալթունյանի «Սիմֆոնիետ» կամերային նվագախմբի համար, «Թափուր անդաստան» դուդուկի, զուռնայի և կամերային նվագախմբի համար, «Քոչարի» և «Բերդ պար», «Ես սիրեցի» (պրեմիերա) ստեղծագործությունները:

Կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը, ով ներկա է եղել նվագախմբի փորձերին, բաց չի թողել նաև համերգային երեկոն: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը փաստել է՝ առաջին անգամ շփվել է Ալթունյանի հետ 14-15 տարեկանում, երբ հանդես էր գալիս իր կողմից ստեղծված մանկական նվագախմբում: Այդ օրվանից տարիներ են անցել, և մաեստրոյի հետ սերտ ու ջերմ կապը, ի ուրախություն Մարտիրոսյանի, պահպանվել է:

«Ռուբեն Ալթունյանին ճանաչում են ամբողջ աշխարհում: Նրա ստեղծագործությունները հնչում են ոչ միայն Հայաստանում, այլ երկրի սահմաններից դուրս: Օրինակ, Հայաստանի պետական կամերային նվագախումբը նրա գործերը կատարել է Ֆրանսիայում, Շվեյցարիայում: Նա այն կոմպոզիտորն է, որը կարողացավ ամենամոտը լինել ժողովրդական երգին, պարին, և դասականացնելով այդ ամենը՝ ստեղծել նոր ժանր»,- նշել է Վահան Մարտիրոսյանը:

Հավելենք, որ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը ծնվել է 1939թ.՝ Երևանում: 1965թ. արժանացել է Անդրկովկասյան մրցույթի 1-ին մրցանակին, իսկ 1969թ.՝ ԽՍՀՄ համամիութենական երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթ 2-րդ մրցանակին: 1987-90 թթ. եղել է Թ.Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 1983-96 թթ.՝ Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, համերգներով հանդես եկել տարբեր երկրներում: Հեղինակել է բազում ինքնատիպ ստեղծագործություններ: 1970-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ Պետական մրցանակի, 2009թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: