Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.

«Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր»․ Էդուարդ Շարմազանով

149
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 13:35
«Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր․ Փաշինյանի հարցազրույցը «Независимая газета»-ին խնդրահարույց և անհեթեթ պատասխաններ էր պարունակում: Տպավորություն ստեղծվեց, թե գործ ունենք ոչ թե պետության առաջնորդի պաշտոնն ստանձնած մարդու, այլ ինքնանպատակ, «դուխով» գլխարկի ազդեցության տակ մնացած մարդու հարցազրույցի հետ:

• Հայ- ամերիկյան հարաբերություններ

Փաշինյանն ասում է՝ Հայաստանի ոչ մի կառավարություն չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես՝ ինքը: Նախ, սուպերմենի կերպարի տակ մնացած Նիկոլին ասեմ, որ վարչապետի գլխավոր գործառույթը ոչ թե ինքնանպատակ քննադատելն է, այն էլ՝ ԱՄՆ-ին, այլ գործընկերային հարաբերություններ զարգացնել՝ ի շահ երկու ժողովուրդների: Եվ երկրորդ, եղբա՛յր, տենց դուխով քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, որը խորհուրդ տվեց մեզ հրաժարվել պատմական կաղապարներից: Ինչո՞ւ էիր, ինչպես ժողովուրդն է ասում, բերանդ ջուր առած լռում:

• Հայ-ռուսական հարաբերություններ

Անդրադառնալով Քոչարյանի դեմ շինծու գործին, ասում է՝ Ռուսաստանում հաճախ են իրենց ընկեր համարել գործիչների, ովքեր ժողովրդականություն չեն վայելել: Այստեղ են ասել՝ սեփական աչքի գերանի փոխարեն ի ցույց մի դիր դիմացինի աչքի չոփը: Կյանքում բացի դիմացիններին վարկաբեկելուց և ցեխ շպրտելուց այլ բան չարած մարդն իրեն իրավունք է վերապահում գնահատել Արցախի հերոսներին և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ճարտարապետներից մեկին:

• Ասում է՝ օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն: Այստեղ են ասել՝ չգիտեմ՝ լամ, թե խնդամ: Այդ ինչպե՞ս է ստացվում՝ քո հետ քայլողին ստորագրությամբ են բաց թողնում, իսկ նախկին նախագահին և ևս մեկ Արցախի հերոսի կալանավորում են: Ինչպե՞ս:

• Փաշինյանը կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը և խոսելով մարտի մեկի մասին՝ հայտարարում է, որ Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որը գնդակահարել է սեփական ժողովրդին: Ո՞ւր են փաստերը, ո՞ւր են 10 զոհերի մեղավորները: Փաշինյանը հերթական անգամ իր կարծիքը փորձում է ճշմարտության փոխարեն հրամցնել այս անգամ արդեն ռուսական լրատվամիջոցներին: Ես էլ կասեմ՝ իրավունք չունի վարչապետ լինել նա, ով անմեղության կանխավարկած է խախտել, մարդկանց խաբել է, ատելություն քարոզել, օտարերկրյա գործակալների մասին իմացել և ոչինչ չի արել նրանց վնասազերծելու համար: Ինչպես նաև լռել, երբ ԱԺ-ից տրանսգենդերության քարոզ է հնչել:

Հ.Գ. Ժողովրդականություն բառը շատ է սիրում Փաշինյանը: Իրեն փոխանցեք, որ մեկ տարի հետո իր ժողովրդականությունից փոքրատառ ժ տառն է մնալու»։