Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

«Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամենի հետ կապված, ինչ տեղի է ունեցել Հայաստանում»․ վարչապետ

141
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 01:25
«Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամենի հետ կապված, ինչ տեղի է ունեցել Հայաստանում»․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցի ժամանակ իր և Պուտինի հարաբերությունները որակել է «շատ լավ»:

«Առհասարակ հարաբերությունների երկու հարթություն կա․ կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների միջև հարաբերություններ: Ուզում եմ շատ պարզ խոսել՝ այո՛, Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամեն ինչի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ ժողովրդական հեղափոխություն և ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած մարդիկ։ Եվ ովքե՞ր են այդ մարդիկ. նրանք այն մարդիկ են, որոնք նախկինում եղել են քաղաքական ընդդիմություն, քաղաքական ակտիվիստներ։ Եվ մենք գիտենք, որ այն մարդիկ, որոնք որոշակի սկզբունքներ են ունեցել, չեն ուզեցել նախկին իշխանությունների հետ համագործակցել, այդ մարդիկ շատ դեպքերում ստիպված են եղել հասարակական սեկտորում տեղավորվել։ Այդ հասարակական սեկտորը շատ դեպքերում ֆինանսավորվել է միջազգային կազմակերպությունների կողմից, նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք լավ չեն ընկալվում Ռուսաստանում և նախկին խորհրդային տարածքում: Ինչու են այդ մարդիկ այնտեղ հայտնվել, որովհետև չեն ուզեցել իշխանության հետ համագործակցել, չեն ուզեցել իշխանության խաղի կանոններն ընդունել, նրանք ունեցել են սկզբունքներ և ուզեցել են մնալ այդ սկզբունքների շրջանակում։ Եվ նրանց պետք է եղել գործունեության որոշակի դաշտ, եղել են քաղհասարակության ներկայացուցիչներ և առնչվել են միջազգային կազմակերպությունների հետ և նաև ֆինանսավորվել են նրանց կողմից»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այդ պատճառով որոշ պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանում անվստահություն է ձևավորվել, որը ժամանակի ընթացքում կհաղթահարվի: «Ես չեմ կարծում, թե ինձ հետ կապված այդպիսի հարցեր կան Ռուսաստանում։ Բայց քանի դեռ այդ ինստիտուտները բավարար չափով իրար հետ չեն շփվել և չեն համոզվել, որ գործ ունեն սուվերեն ինքնիշխան երկրի ինքնիշխան պաշտոնյաների հետ, այդ հարցերը կան, կծագեն։ Ես ողբերգություն չեմ տեսնում»,- ասել է նա:

«Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամենի ինչի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում»․ վարչապետ