Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Միայն կարելի է զուգարանի պատերն ապակուց չանել»․ Մարությանը՝ քաղաքապետարանի թափանցիկ գործունեության մասին

241
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 12:45
«Միայն կարելի է զուգարանի պատերն ապակուց չանել»․ Մարությանը՝ քաղաքապետարանի թափանցիկ գործունեության մասին

Երևանի ավագանու նիստին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հարցի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին․ «Պարոն քաղաքապետ, Ձեր անձի հանդեպ ունեմ խորին հարգանք, բայց ձեր ղեկավարման առաջին օրը նշեցիք, որ բոլորս մի մարմին ենք և համատեղ ուժերով կյանքի ենք կոչելու երևանցիների բոլոր խնդիրները, բայց այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, շատ անհարգալից վերաբերմունք էր ընդդիմադիր երկու խմբակցությունների նկատմամբ: Փաստացի, երբ նեղն եք ընկնում, դիմում եք երեք խմբակցություններին, կոչ եք անում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, լուծել որոշակի խնդիրներ:

Ի՞նչն է ստիպել ձեզ, որ նախօրոք «Կամազների» գնման նախագիծը կառավարություն ներկայացնելուց առաջ չտեղեկացնեք ընդդիմադիր երկու խմբակցություններին: Չնայած, իմ գործընկերը նշեց, որ անգամ «Իմ քայլը» խմբակցությունից 4-5 հոգի է տեղյակ եղել դրանից, այնուամենայնիվ, քաղաքապետարանի գործադիր մարմինը պարտավոր է տեղեկացնել իր բոլոր քայլերի մասին ավագանու բոլոր անդամներին: Քաղաքապետարանի գերագույն մարմինն ավագանին է: Իսկ ո՞վ է ասել, որ 24 «Կամազ» պետք է լինի, այլ ոչ 15 կամ 30: Դուք ունե՞ք համապատասխան մոնիթորինգ: Համոզված եմ՝ չունեք: Դուք ունե՞ք ծրագիր, եթե ունեք, բերեք բոլորով քննարկենք»:

Քաղաքապետը հարցից վրդովվելով՝ ասաց․ «Ամբողջ աշխարհը փետրվարից գիտի, որ 24 մեքենա մրցույթի են հանվել, որ գնում կատարենք, նոր եք իմացե՞լ: Կառավարության նիստում ընդամենը խնդրել ենք, որ այդ 24-ից մի քանիսը շուտ բերենք»:

Մանրիկյանն էլ նշեց, որ քաղաքապետարանի և «Սանիթեք»-ի նամակագրությունը պետք է թափանցիկ լինի. «Եթե չբացահայտվի, մեզ մոտ կլինեն կասկածներ սև գործունեությունների մասին»:

Հ․ Մարությանը հակադարձեց, որ քաղաքապետարնում ամեն ինչ թափանցիկ է արվում․ «Մնում է քաղաքապետարանի պատերն էլ ապակուց լինի, որ տեսնեք՝ ոնց ենք շարժվում։ Միայն կարելի է զուգարանի պատերն ապակուց չանել, եթե դեմ չեք»,- ասաց Մարությանը։