Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

«Բռնագանձել, թե՞ համաներել»․ Ատոմ Մարգարյան

130
Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ., 06:10
«Բռնագանձել, թե՞ համաներել»․ Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բռնագանձել, թե՞ համաներել․ դիսկուսի առաջարկ․․․Ինչպես երևում է՝ առանց մեղադրական դատավճռի ապօրինի ունեցվածքի բռնագանձման օրինագծի ներդրումը կարող է ջրբաժան կետ դառնալ «հին» ու «նոր» հայաստանների միջև։ Վարչապետ Փաշինյանն արդեն վերջնական տեսքի է բերում համանուն օրինագիծն ու, ամենայն հավանականությամբ, շուտով այն կուղարկի Ազգային ժողով։ Ու խնդիրն ամենևին էլ այն չէ, որ վիճահարույց, ու ինչ-որ տեղ խոցելի, այդ օրինագծի կիրառումը կարող է լուրջ բարդությունների բախվել, քանզի այն խիստ ծախսատար, ժամանակատար քայլեր է ենթադրում, պահանջում է լուրջ ինստիտուցիոնալ կառուցվածք, կոմպետենտ ու ազնիվ կադրեր, հանրային լայն վստահություն և աջակցություն։ Այդ պատճառով, իհարկե, առավել նախընտրելի կլիներ, որպեսզի նոր իշխանությունը գնար ապօրինի ունեցվածքի և կապիտալի ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ճանապարհով՝ փորձելով այդ կերպ ժողովրդից թալանված ու սեփականված միջոցների մի մասը վերադարձնել պետությանը՝ առանց ավելորդ թիրախավորումների, ռիսկերի և ցնցումների։ Այս դեպքում խոշոր սեփականատերը պարտավորված կլինի ապօրինի գնահատվող յուրաքանչյուր ակտիվի (ասենք՝ գույքի, ֆինանսական միջոցների կամ բիզնեսի) արժեքի որոշակի մասը, ասենք՝ 10-15%-ը, կամավոր փոխանցել պետությանն ու ազատորեն տնօրինել մնացած ակտիվները։ Ակնհայտ է, որ Թավշյա հեղափոխության հետևանքով իշխանությունը կորցրած, սակայն ահռելի նյութական, ֆինանսական ու քարոզչական ռեսուրսներ տնօրինող նախկին բարձրաստիճանները կամ օլիգարխներն (այժմ՝ սեփականատերերը) ամենևին պատրաստ չեն «հանգիստ նստել տեղները», ընդունել միանգամայն լեգիտիմ ճանապարհով հաստատված քաղաքական ստատուս քվոն, ասել է թե՝ նոր իշխանության առաջնորդությունն ու կամավոր պետությանը վերադարձնել թալանած միջոցների այն մասը, որը կորոշվի համաներման ակտի ներդրման պարագայում։ Դատելով նախկիններին պատկանող հսկայական մեդիառեսուրսների զորաշարժից, նրանց տակտիկան հստակ է՝ քարոզչական, մանիպուլյատիվ և ագրեսիվ ճնշումներով շարունակաբար ու հետևողականորեն թուլացնել ու վարկաբեկել գործող իշխանությանը՝ օգտագործելով նրա անխուսափելի մեծ ու փոքր սխալները, նոր կադրերի անձեռնահասությունը, որոշների մոտ փորձի ու պրոֆեսիոնալիզմի պակասը, կոռումպահակությունը և սպառող հանրության մի մասի մոտ հետզհետե աճող դժգոհությունը։ Բոլոր դեպքերում, թեև ասվել ու ասվում է, որ սեփականության բռնի վերաբաշխում և վենդետաներ չեն լինելու, այդուհանդերձ, ակնհայտ է, որ նոր իշխանությունը չի կարող յոլա գնալ առանց տասնամյակների ընթացքում խոշոր սեփականատերերի կուտակած ապօրինի կապիտալի, գույքի և այլ ակտիվների՝ հօգուտ պետության որոշակի վերաբաշխման։ Ու այս համատեքստում, առանց դատավճռի, գույքի բռնագանձման ինստիտուտի հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև մշակել ու ներդնել ապօրինի ունեցվածքի ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ինստիտուտը։ Կարելի է, իհարկե, քննարկել նախընտրելի տարբերակները՝ հաշվի առնելով միջազգային փորձը, առաջին հերթին այն մասով, որ վերաբերում է գույքի և ակտիվների իրական սեփականատերերի բացահայտմանը։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Բռնագանձման ինստիտուտի միակողմանի կիրառումը կարող է ուղղակի խթանել կապիտալի արտահոսքը երկրից, միևնույն ժամանակ կասեցնել արտաքին ներդրումների ներհոսքը։ Ու արդեն այդպիսի անբարենպաստ միտումներ կան։ Այն, որ այսօր, այս ու այն կողմից, նույնիսկ ձայներ չեն հնչում նախկինում կատարված մասնավորեցման խոշոր գործարքները չեղարկելու վերաբերյալ, խոսում է այն մասին, որ հանրության մի մասի մոտ «պանդորայի արկղը» բացելու շատ մեծ գայթակղություն և սպասումներ կան։ Մինչդեռ, դա կարող է երկրում տակնուվրա անել ամեն ինչ ու քաոսային իրավիճակ ստեղծել։ Ելքը՝ հավասարակշռված ու ավելի ճկուն մոտեցումներ կիրառելու մեջ է»։