Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

«Գործելու են ցախավել հատիկ-հատիկ ջարդելու սկզբունքով. «քաղաքական մառոզի» որոշումը Ռուսաստանում». Ստյոպա Սաֆարյան

191
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 23:50
«Գործելու են ցախավել հատիկ-հատիկ ջարդելու սկզբունքով. «քաղաքական մառոզի» որոշումը Ռուսաստանում». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ մը Գագիկ Սուրենյանաբար սկսեմ ստատուսս, բայց կարևորի մասին: «Հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում ոչ միայն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ», այլև ակնհայտորեն քաղաքական հյուսիսային ցրտեր:

1. Կարծում եմ, բոլորս ենք ֆիքսել «սորոսականների» դեմ ամիսներով սանձազերծված քարոզչությունը, որի թիրախում են եղել ու մնում Նիկոլ Փաշինյանի թիմից կամ նրան սատարողներից արևմտյան կրթություն կամ ազատական աշխարհայացք ունեցող մարդիկ, և առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից «քաղհալածյալ» ճանաչված Ռոբերտ Քոչարյանին դատող ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում երեկ մեղադրանք առաջադրվեց, ու էլի շատերը: Ցանկը ռուսական-ռուսահայ մամուլում տպվել է:

2. Ռուսական հեռուստաընկերություններով Նիկոլ Փաշինյանի դեմ վերջին գրոհը, այդ թվում՝ Քոչարյանի գործի մասով, դրան հաջորդած ԱԺ պատգամավոր Նարինե Թուխիկյան-Տիգրան Հակոբյան հարցուպատասխանը, և վերջապես վարչապետի արձագանքը փաստեցին, որ «քաղաքական մառոզի» որոշումը Ռուսաստանում բարձրագույն մակարդակներում է կայացված:

3. Դավիթ Սանասարյանի շուրջ հանրային աղմուկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ շրջանակներն ու նրանց հայաստանյան սպասարկուները նույնպես դիրքավորվել են ընդդեմ «սորոսականների» հարթության վրա՝ փորձելով շախի գցել Փաշինյանին շարունակելու հաշվեհարդարը «արևմտամետ» թիմակիցների հետ, որպեսզի «սորոսական» քաղհասարակությունը այլևս չպաշտպանի Փաշինյանին, վերջինս մենակ մնա ու խժռելը կամ որոշումներ պարտադրելը (այդ թվում՝ Արցախյան հարցով կամ Քոչարյանին ազատ արձակելու, հետախուզվող ու Ռուսաստանում ապաստանածներին հանգիստ թողնելու ու այլ հարցերում) դյուրին լինի:

4. 100 տոկոս վստահությամբ կանխատեսում եմ, որ մոտ ժամանակներս լրջագույն, սև ու վայրագ հակակամպանիաների թիրախում են հայտնվելու Փաշինյանի կառավարության՝ հատկապես հանրային մեծ ազդեցություն ունեցող դեմքերը, անգամ նրանք, ովքեր սատարում են նույն իշխանություններին, ունեն մեծ ազդեցություն հանրային կարծիքի վրա ու մեծ լսարան: Թույլ տվեք, այդ ցանկում մտցնել նաև նվաստիս ու սոցիալական ցանցերում առավել մեծ լսարան ու հարգանք ունեցող ընկերներիս:

5. Վարչապետ Փաշինյանը ու նրա մերձավոր թիմը չափազանց հեռատես ու զգույշ պետք է լինեն առայժմ զեփյուռ թվացող, բայց իրականում մրրիկ բերող այս հոսանքներից: Ակնհայտորեն Հայաստանի ներսից ու դրսից, անգամ եվրոպական երկրներով, ըստ ստացված տեղությունների՝ մեծ փողեր են մտել ու պտտվում թե՛ ինֆորմացիոն ֆեյք նյուզեր ստեղծելու, թե՛ նաև ճակատ-առ-ճակատ, թիրախ-առ թիրախ «քաղաքական ակտիվիզմի» համար:

6. Գործելու են ցախավել հատիկ-հատիկ ջարդելու սկզբունքով, որովհետև միասին կոտրել չեն կարող. թիրախի տակ են վերցնելու հանրային կարծիքի լիդերներին, որոնք իշխանություններին սատարում կամ պաշտպանում են, նրանցից յուրաքանչյուրի դեմ սպեցիֆիկ սյուժեով կգրոհեն: Դա արդեն տեսանելի է տարբեր դեմքերի տեսքով՝ Դանիել Իոաննիսյան, Լևոն Բարսեղյան, Արթուր Սաքունց, ես ու լիքը այլ մարդիկ, ում անունները չեմ թվարկում:

7. Սոցիալական ցանցերում, թե դրանից դուրս իշխանություններին սատարող լայն հանրությունը պետք է վերին աստիճանի ուշադիր լինի թե՛ տարածվող մանիպուլյացիաներից, թե՛ ինֆորմացիոն օպերացիաներից ու ֆեյք լուրերից, թե՛ նաև աչալուրջ՝ չթողնելով, որպեսզի «մեռելների զորքը» գրոհի հանրային կարծիքի որևէ առաջնորդի դեմ, անկախ այն բանից, թե նրանցից որ մեկի կարծիքն ու ինչ չափով է կիսում. հեղափոխությունը պաշտպանող տարասեռ, տարատեսակ բոլոր խմբերը պետք է համերաշխ լինեն առնվազն: Իրար սիրել պետք չէ, բայց հեղափոխությունը պաշտպանելը անհրաժեշտ է:

Իսկ «մեռելների զորքին» չպետք է թողնել, որ անցնեն պատը, ինչպես ասվում է «Գահերի խաղում»: Յոթ թագավորությունները պետք է միասին լինեն ու հաղթեն Խավարի թագավորին: Ասեմ, որ այս առումով հայրենի ԱԱԾ-ն իմ համար փորձաշրջանում է: Մանավանդ, որ վարչապետն իր վերջին հրապարակային հանձնարարություններից մեկում էլ ակնարկեց սրա մասին:

Լավ եղեք: Դուխով: Winter is Coming!»: