Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մանսուրյանի նոր ստեղծագործությունը՝ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար

336
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 18:05
Մանսուրյանի նոր ստեղծագործությունը՝ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար

Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտարներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով:

«Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով մի երգ՝ նվիրված Երևանին»,- ընդգծում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ ունենալու գաղափարը մաեստրոն համարում է մշակութային կարևոր քայլ և յուրօրինակ մկրտություն, որ ստանձնել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը:

«Իմ պարտքը համարեցի միանալ քաղաքի նոր իրադրությանը և լինել երիտասարդների կողքին»,-ասում է Տիգրան Մանսուրյանը:

Նվագախմբի կազմում Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 8-16 տարեկան 120 սաներ են: Մեծ է նաև երգչախումբը. շուրջ 300 հոգանոց մանկապատենական ստեղծագործական կոլեկտիվի երկացանկում կհնչեն բացառապես հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի Պատարագից «Սուրբ, Սուրբ» հատվածը, «Հայաստանը», էդգար Հովհաննիսյանի «էրեբունի -Երևանը», նաև Միրզոյանի «Շուշանիկ», Անուշավան Տեր Ղևոնդյանի «Ախթամար»-ն ու Մանսուրյանի կինոմեղեդիներ:

Հնչում է երկար սպասված «Երևանը» ստեղծագործությունը: Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է:

«Երեխաները պրոֆեսիոնալներ են ու գիտեն իրենց աշխատանքի ամբողջ էությունը: Պետք է աշխատենք, կատարելագործենք, գեղարվեստական մարմին տանք: Երբ լսում էի, գիտեի ու զգում էի, որ ճիշտ է, այսպես պետք է հնչի երգը՝ առանց ավելորդ հուզականության, մաքուր ապրում»,- ընդգծում է Տիգրան Մանսուրյանը:

Նվագախմբի առաջին համերգը կկայանա հուլիսին՝ նվիրված Կոմիտասի 150 և Մանսուրյանի ծննդյան 80-ամյակներին: Երևանյան բեմելից հետո նվագախումբը համերգներով հանդես կգա նաև Հայաստանի մարզերում և Արցախում: