Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Այլևս ժամանակ չկա»․ Լևոն Բարսեղյան

295
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 10:15
«Այլևս ժամանակ չկա»․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այլևս ժամանակ չկա․ որ ասում էինք՝ Ազգային ժողովը նախորդ, անմարդկային, հակաժողովրդական ռեժիմին պարտավոր է քաղաքական գնահատական տալ, կագեբուին իր տեղը դնել, լյուստրացիան անել ու անցումային արդարադատությունը գործարկել, էս օրվա համար էինք ասում։ Գոնե կիմանայինք, թե ով ինչ բարեխղճությամբ է գործ բացում, քննում, դատում… Նույնն է, որ, թույլ տամ ինձ իմ ավտոյով տեղ տանի մեկը, որ անթիվ անգամ ավտոյով տարել ձորն է լցրել մարդկանց, կամ՝ թողնեմ մարդկանց վիրահատի մեկը, որ մսագործի փեշակից էսկողմ չի անցել։ Ես կարծում եմ, որ Դավիթը գիտակցված կամ կանխամտածված, կամ դիտավորյալ որևէ չարաշահում չի արել, չի բացառվում, որ անցել է իր լիազորությունը և հիմա դա մեկնաբանվում է անձնական շահագրգռությամբ, և հոդված են դրել վրան։ Դավթին վաղուց գիտեմ և գիտեմ որպես ազնիվ ու սրտացավ մարդու, այնպիսին, ինչպես խոսում է։ Ես հավատում եմ, որ մարդն այն է, ինչ խոսում է, այնպիսին է, ինչպես խոսում է։ Հակառակ կողմից ես լավ գիտեմ, թե ինչ է կագեբուն․ ԱԱԾ չենք ունեցել ու չեմ կարող սովետի կագեբուին ԱԱԾ կոչել։ Թե մի քանի հոգի էլ կա հայրենանվեր, այդ սիստեմը հակամարդկային է։ Կհիշեք իմ կատակ հարցը, որ տվել էի Վանեցյանին, առաջին ծանոթության պահին, Ծաղկաձորում.

-Անջատե՞լ եք, պարոն Վանեցյան (ինձ գաղտնալսման հանգամանքն նկատի ունեի)։ Ժպտալով ասաց.

-Անջատած է, խնդացինք, նկարվեցինք, լուսանկարը դրեցի ֆեյսում։ Ու այդ օրերին իրեն ու Նիկոլին ու Սասունին էին գաղտնալում՝ նույն կագեբուով։ Ես արդեն երկար ժամանակ է, օնլայն եմ զգում ինձ, երևի 15 տարի, համարում եմ, որ միշտ գաղտնալսում են… Վանեցյանը չէ հարցը, ոմանք կարծում են, թե Վանեցյանով է, բայց ես համարում եմ, որ գեբիստական, հակապետական մեքենան, իր ծնողը, անցյալն ու մեխանիզմն է մեղավոր, նոր Հայաստանին անպիտան է այն, դա պիտի ապամոնտաժվի։ Ես և հազարները չենք վստահում այդ օտար, մութ, ու գերհզոր ծառայությանը։ Որքան ուշ տրվի անցյալ այլանդակ ռեժիմի քաղաքական գնահատականը, որքան ուշ գործարկվի արդարադատության նորոգման մեքենան, որքան ուշ լինի քաղաքական և տնտեսական լյուստրացիան, այնքան խորն ենք թաղվելու էս անցման շրջան համարվող ցեխերի մեջ։ Այդ ընթացքում ինչքան կատաղած շունուգել, վառված ընչաքաղց ու մեղադրյալ կա, ռևանշ է երազելու, սնելու և սնվելու է այդ իղձերով, և մեծանալու է սպառնալիքը, որ կմնանք տեղապտույտի մեջ։ Ով սա չհասկանալու է տալիս, պիտի պաշտոններ չզբաղեցնի ու պատգամավոր չլինի, մեղմ ասած։ Երևի շատ մեղմ եմ ասել ու համբերատար եմ եղել, քան արժեր լինել»։