Երևան`   +33 °C
Այսօր`   Կիրակի, 21 հուլիսի, 2019 թ.

«Մազ էր մնացել՝ մոռանայի Վարդան Հրակեզի փառավոր անցյալը». Լևոն Բարսեղյան

594
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 01:05
«Մազ էր մնացել՝ մոռանայի Վարդան Հրակեզի փառավոր անցյալը». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մուրազները չեն մահանում, դալկանում են: Պարոն Ղուկասյանը, այո, հենց ինքը, որ 13 տարի Գյումրու քաղաքապետ է եղել, ու որ ուզում է մարդկանց մի մասին վառել, ինքը՝ Վարդան Հրակեզը, ԱԺ-ում այսօր առաջարկեց.

1. Գյումրու դատարկ բնակարանները, որոնք սեփականաշնորհված չեն, տալ անօթևաններին:

2. Ասաց, որ Գյումրին գլխավոր հատակագիծ ունի, ու որոշ տնակներ, թեպետ կանաչ գոտում են գտնվում, կարելի է մարդկանց տալ այդ տարածքները, անօթևանության ծավալները կրճատելու համար:

3. Ասաց, որ ասում է, որ Ավինյանն (Կառավարությունն) իմանա:

Մի քանի բան էլ ես ասեմ.

Ցանկացած մարդ արտահայտման ազատության իրավունք ունի, նույնիսկ այլոց վառելու կոչեր անող մեկը:

1. Հետաքրքիր է՝ ինչու մինչև 2012 թ. քաղաքապետ եղած ժամանակ, այդ բնակարանները չի հատկացրել անօթևաններին, եթե այդպիսիք կան: Դրանից հետո պետական կամ համայնքային այլ շինարարություն չի եղել, որոնց արդյունքում թափուր բնակարաններ են առաջացել:

2. Այդ թափուր բնակարանների ցանկի տեղը կարո՞ղ է ասել, թե՞ չի կարող ասել: Ի՞նչ անենք, որ ասի:

3. Ինչպե՞ս է եղել, որ այդ ընթացքում ինքն ու իր ընտանիքը տեր է դարձել ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ անշարժ գույքի, կադաստրի հոր արև երդվում եմ: Համայնքի ղեկավարի ամսական աշխատավարձը 1999-2012 թթ. եղել է, ոչ ավելի, քան 210.000 դրամ առձեռն:

4. Էդ ինչու էդ հետաքրքիր բաները չէր պատմում իր սիրելի Ռոբերտ Քոչարյանին, որին այսօր վկայակոչեց ու իր ոչ պակաս սիրելի կուսակցական ընկեր Սերժիկ Սարգսյանին, որին անմնացորդ ծառայում էր, մինչև ասացին՝ գնա տուն պարոն Ղուկասյան, բոլ ա...:

5. Եթե իրավիճակ է փոխվել ու մարդը ուզում է ծառայել իր քաղաքին, ապա ինչն է խանգարում Աղետի գոտում ժամանակավոր կացարանների վերացման և մարդկանց վերաբնակեցման պետական աշխատանքային խմբի նիստերին մասնակցել, տեսնի, թե էդ խնդիրը ոնց են լուծում երբ կամենում են, ոչ թե երբ չեն կամենում լուծել ու միայն քաղաքական դիվիդենտի ետևից ընկած ճոռո խոսում են: Էդ նիստերը փակ չեն, անգամ ինքը կարող է մասնակցել, բայց լուցկին դրսում թողնելու պայմանով իհարկե: Արդեն 2 տարի է պատգամավոր է, Աղետի գոտու վերականգնման, Գյումրու վերականգնման, անօթևաներին բնակարաններով ապահովելու քանի օրենքի քանի նախագիծ է գրել, չի՞ պատմի՝ իմանանք:

6. Քաղաքի մասին, եթե շատ է մտածում, կարող է՞ մոտավորապես ասել, թե ինչպես էր իր սեփական Ալեքսանդրապոլ հյուրանոցը մոտ 4 մլն դրամի հաշիվ-պարտք թողել քաղաքի վզին, ԵՐԿՈՒ հոգու ԵՐԿՈՒ գիշեր այդ հյուրանոցում մնալու համար, էդ ի՞նչ էին կերել էդ հյուրերը, էդ ինչ տեղաշորում էին քնել, որ մարդ/գիշերը 975.000 դրամ էին հաշվել:

7. Մինչև հիմա քրեական գործը բաց է իր քաղաքապետ ժամանակվա ֆինանսական չարաշահումների մասով, կարո՞ղ է իմանա, թե ինչու չեն ավարտում քննությունը:

Հիմա ավելի կարևորի մասին: Մազ էր մնացել մոռանայի Վարդան Հրակեզի փառավոր անցյալը, բայց դե չի մոռացվում, ինքն է հիշել տալիս: Ինքը իր նոր կուսակցության շեֆը, էն ճվճվացող պատգամավորները ինչ-որ մի խորը իրարանցման մեջ են: Չգիտեմ՝ պատճառը որն է: Կարող է «ընդդիմություն» բառը սկսել են նորովի արժևորել, կարող է իրենց երբեմնի սերտագույն գործընկերոջ կերաբաժինն են պակասեցրել բանտում, կարող է ՀԴՄ տպելները չի գալիս, կարող է գեշ երազ են տեսել: Կարո՞ղ է էն զառանցանքը, թե մայիսին Նիկոլը հրաժարական է տալիս, որ սերժիկիս փեսեն նստի տեղը, լուրջ են ընդունել, կամ էլ Լուկաշիկն ու Վալոդն են ինչ-որ բան փսփսացել շեֆի ականջին: Շուտով կհասկանանք, թե այս ջղաձգումները, պատգամավորների վրա ղժժոցների և հիստերիաների հիմքում ինչ կա: Ասես տալիք ենք բոլորս, ու չենք խոստովանում: Խաբար չեն, թե որը որից հետո է, սերժիկի ապրիլի 22-ի օրն են ընկել, սերժացավը վարակիչ է ուրեմն: ԲՀԿ-ի այս մի քանի պարոնայք մոռացել են, որ մենք իրենց երբեք չենք մոռանալու:

Վարդան Հրակեզի դեպքը, բոլորի պես առանձնահատկություն էլ ունի յուր ծիրին մեջ, քաղաքապետի աթոռը քաղցր է, հավանաբար. ով էլ քաղաքապետ եղած ժամանակներում միլիոնատեր դառնար, համարյա անսահմանափակ իշխանություն ունենար, իրենց բազմաթիվ լպիրշ արտահայտություններ թույլ տար անպատիժ, կուզեր վերադառնալ նույն դիրքերին: Այս ընտրակարգով կլինի, երբ քաղաքապետին ընտրում է ավագանին, թե այլ ընտրակարգ կլինի՝ հնի պես, երբ ժողովուրդն ուղիղ է ընտրում քաղաքապետին, շանս չունի քաղաքապետի պաշտոնը վերստանալու, ես դա խոստանում եմ, թող միայն փորձի: Հեչ հնար չեղավ, բանուգործ կթողնեմ, ես էլ թեկնածու կառաջադրվեմ, ու տեսնենք, թե ինչպես է ընտրվելու: Ավելին ասեմ, եթե շատ է ուզում, որ ես քաղաքապետ դառնամ, թող առաջադրվի: Շատ-շատ մի քանի հոգու կարողանա ավագանու անդամ դարձնել:

Կարդում է, թե կկարդան կպատմեն, տեղեկացնեմ, ինչքան շուտ սկսի իրեն համեստ պահել, այնքան լավ, որովհետև ինքն ազատ քաղաքացի չէ, կաշկանդված է մանդատով, որից հեչ հավես չունի հրաժարվելու: Ամեն անգամ, երբ այս օրերի պես անհամեստ կպահի իրեն, ստանալու է համպատասխան՝ շեֆի ասածով, ասենք թե: Թող չզանգի, ինձ զանգելու իրավունքից զրկել է ինքն իրեն: Հենց կկռահի ու ներողություն կխնդրի հանրությունից մարդկանց վառելու ֆաշիստական կոչի և բոլորի իրավահավասար չլինելու բռնատիրական մտքի համար, կկարողանամ պատկերացնել, որ մենք հավասար իրավունքներ ունենք:

Կինո Երևանից՝ սիրով առլեցուն և հավատով լիահույս»: