Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 22 սեպտեմբերի, 2019 թ.

ԱԺ-ն քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

112
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 10:00
ԱԺ-ն քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Խորհրդարանը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները:

Նախատեսվում է կրճատել փոխվարչապետերի թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը: Առաջարկվում է նվազեցնել նախարարությունների թիվը՝ սահմանելով 12-ը: Մասնավորապես, նախատեսվում է միաձուլել Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Առաջարկվում է նաև միավորել Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն:

Նախաձեռնությամբ կմիանան Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին կփոխանցվեն նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեները, այլև Պետական գույքի կառավարման կոմիտեն:

Առաջարկվում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության նախարարություն՝ կրճատելով նախարարության՝ տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտի բոլոր լիազորությունները և գործառույթները: Նախատեսվում է նախարարության լիազորությունների ցանկում ավելացնել նաև թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ:

Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը: Ըստ նախարարի՝ նմանատիպ փորձ աշխարհում ևս առկա է, օրինակ՝ Կիպրոսում, որտեղ գոյություն ունի մարդասիրական գործերի և արտերկրում բնակվող կիպրոսցիների Նախագահի հանձնակատարի պաշտոն:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական և հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղեկալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին և նրանց տեղակալներին:

Ակնկալվում է, որ հաստիքների կրճատումը կիրականացվի ոչ թե մեխանիկական ճանապարհով, այլ կապահովվեն բոլորի համար հավասար հնարավորություններ: