Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը ԱԱԾ-ին հայտնի է». Արթուր Վանեցյանը հաստատեց

1227
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 14:50
«Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը ԱԱԾ-ին հայտնի է». Արթուր Վանեցյանը հաստատեց

«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքներ կտարվեն, հետո կիմանաք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է Ազգային անվտանգության ծառայությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ մեղադրանքի՝ Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին՝ նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր՝ 44.199.463 ՀՀ դրամի չափով: