Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ծիծաղում ենք, որպեսզի չխելագարվենք». այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է

1781
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 12:50
«Ծիծաղում ենք, որպեսզի չխելագարվենք». այսօր Չարլի Չապլինի ծննդյան օրն է

«Ծիծաղը մարտահրավեր է ճակատագրին. մենք ծիծաղում ենք գիտակցելով մեր անկարողությունը բնության ուժերի հանդեպ... Ծիծաղում ենք, որպեսզի չխելագարվենք»․

Չարլի Չապլին

Անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը՝ Չարլի Չապլինը, ծնվել է 1889-ի ապրիլի 16-ին, Լոնդոնում: Առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ, իսկ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում՝ կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը:

Չարլի Չապլին
Չարլի Չապլին

1914-ին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ:

«Հանուն արվեստի բեմի վրա կարելի է հայտնվել նաև մերկ, սակայն այնտեղից պետք է վերադառնալ հագնված ու մաքրված»,- համոզված էր Չապլինը:

Չարլի Չապլին
Չարլի Չապլին

Մեծ հաջողություն են ունենում Չարլի Չապլինի կողմից նկարահանված «Պստիկը», «Ոսկու տենդը», «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը:

Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»:

«Նրա կոմիզմը պարզ է, դուրեկան և անմիջական: Եվ, այնուամենայնիվ, դուք ամբողջ ժամանակ զգում եք, որ դրա հետևում թաքնված է խոր թախիծ: Նրա հումորը ներծծված է թախիծով»,- այսպես է բնորոշել Սոմերսեթ Մոեմը Չապլինին:

Դառը կարիքն ու դժվար մանկությունը, դրան հաջորդած փառքն ու հարստությունը Չապլինին, այնուամենայնիվ, չեն խանգարել մարդ մնալ: Դրա մասին նա գրել է դստերը՝ Ջերալդինային ուղղված հայտնի նամակում. «Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ՝ ձգտել եմ մարդ լինել»:

«Պստիկը» ֆիլմից
«Պստիկը» ֆիլմից