Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Առողջապահության նախարարությունն անցում է կատարում էլեկտրաէներգիայի խնայման ռեժիմին

382
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 21:10
Առողջապահության նախարարությունն անցում է կատարում էլեկտրաէներգիայի խնայման ռեժիմին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է արևային վահանակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին:

Հանդիպման նպատակն է՝ ապագայում նախարարության թվով 15 ենթակա կառույցների տանիքներին տեղադրել արևային վահանակներ, որոնցից երկուսում՝«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային» և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոններում արդեն իսկ տեղադրվել է համակարգը։

«Առանց այդ էլ սուղ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը երբեմն տարբեր պատճառներով ծախսվում է ոչ բժշկական ծառայությունների վրա, դրանցից է՝ էլեկտրաէներգիան, ջրի տաքացումը և այլն։ Որոշել ենք առնվազն ուսումնասիրությունների մակարդակում հասկանալ, որքանով կարող ենք մտնել դրա մեջ։ Սկսած մեծ բժշկական հաստատություններից՝ վերջացրած փոքր հաստատություններով»,- ասել է Արսեն Թորոսյանը։

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը ներկայացնելով արդյունքները, նշել է, որ 2018 թվականի հուլիսից տեղադրվել են պանելները և կես տարվա կտրվածքով խնայվել է մոտ 2,280 դրամ: Այդ ժամահատվածի ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարվել է 450000 դրամ:

Հյուրերը ներկայացրել են իրենց առաջարկները՝ հաշվի առնելով և արդյունավետությունը և հնարավոր ռիսկերը:

Նախարարը լսել է ներկայացուցիչների առաջարկները՝ հույս հայտնելով, որ այս գաղափարը մոտ ապագայում իրականություն կդառնա: