Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Զարթոնքի գյուղապետը հայտարարություն է տարածել

433
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 22:35
Զարթոնքի գյուղապետը հայտարարություն է տարածել

Զարթոնք համայնքի ղեկավարը լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է արել. այս մասին հայտնում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ
Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանն այսօր հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները: Քննարկման արդյունքում համայնքի ղեկավարը որոշում է կայացրել իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել մարզպետարան և այդ մասին այսօր հայտնել համայնքի բնակչությանը՝ հետագա բախումներից խուսափելու համար:

Ավելի ուշ Զարթոնքի համայնքապետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հանդիպում են ունեցել համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում համայնքի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ վստահեցնելով, որ իր որոշումը կայացրել է առանց ճնշումների գործադրման և այդ որոշմանը հանգել է հանուն համայնքի բնակչության համերաշխության:

Ողջունելով Պարույր Սարգսյանի՝ համայնքում խաղաղության հաստատմանն ուղղված քայլը՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է մինչ այս խնդրի լուծման ուղղությամբ իր նախաձեռնությունները և համայնքում այսօր չլինելու պատճառները՝ անընդունելի համարելով հակաօրինական ցանկացած արարք՝ անկախ դրդապատճառներից: Նա վստահություն է հայտնել, որ իրավապահ մարմինները կարճ ժամանակահատվածում համարժեք իրավական գնահատական կտան ստեղծված իրավիճակին: Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետը շուտափույթ ապաքինում է մաղթել կողմերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորված անձանց՝ հույս հայտնելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի: