Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան և այլ երգիչներ հանդես կգան Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին

329
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 23:15
Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան և այլ երգիչներ հանդես կգան Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ համերգ կանցկացվի: «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող երեկոյի ընթացքում հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Երգիչները կատարելու են ստեղծագործություններ ոչ միայն Ազնավուրի, այլև իրենց սեփական երկացանկից: Պարային կամ այլ բեմադրություն չի լինելու: Բեմում տիրելու է ազնավուրյան ինքնատիպ մթնոլորտ: Երեկոյի ընթացքում նախատեսվում են նաև այլ անակնկալներ:
Այս մեծամասշտաբ միջոցառումն իրականացնում են ArmCenter ընկերությունը, Աննա Կարոլինա պրոդաքշնը և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը:


Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: Ազնավուրը եղել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Բազմիցս ելույթներով հանդես է եկել հայրենիքում, ծավալել հայանպաստ գործունեություն: