Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Քրեական գործ՝ Արամի 9 հասցեի՝ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող շենքի քանդման փաստի առթիվ

312
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 12:30
Քրեական գործ՝ Արամի 9 հասցեի՝ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող շենքի քանդման փաստի առթիվ

ՀՀ մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից և ՀՀ պետական
գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր
դատախազությունում պետական շահերի պաշտպանության վարչությունում
ուսումնասիրվել են պետության պահպանության ներքո գտնվող Երևան քաղաքի Արամի
փողոցի 9 հասցեի շենքի քանդման հանգամանքները:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի
որոշմամբ հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող և Երևան քաղաքի
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Արամի
փողոցի 9 հասցեի շենքը քանդվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց
կողմից տրամադրված քանդման թույլտվությունների և ՀՀ մշակույթի
նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից՝ հուշարձանների
պահպանության և օգտագործման վերահսկողական իրենց գործառույթը չկատարելու
արդյունքում:

Մինչդեռ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական
միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով
արգելվում է հանրապետական նշանակության հուշարձանների քանդումը:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են
պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ ծանր հետևանքներ
առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության
պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ
հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին