Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նոր տեխնոլաբ՝ Երևանի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

333
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 00:10
Նոր տեխնոլաբ՝ Երևանի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

«Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի թիվ 33 մասնաճյուղում բացվել է նորտեխնոլաբ: Գերժամանակակից տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա ու հաջող համագործակցության շնորհիվ և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում:

Ընդգծելով կրթական նոր կենտրոնի կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանը նկատել է, որ այն գրադարանի ընթերցողներին հնարավորություն կտա օգտվելու նորագույն տեխնոլոգիաներից:

«Սա այն է, ինչ մենք ուզում ենք և գնում ենք այդ ուղղությամբ՝ նոր մակարդակի բարձրացնել մեր ավանդույթները բարձր տեխնոլոգիաների բնագավառում և տալ նոր գործիքներ մարդկանց՝ կրթվելու և զարգանալու համար: Ես իմ մանկությունն անցկացրել եմ այս թաղամասում՝ փողոցի այն կողմում մեր բնակարանն էր: Եվ, բնականաբար, այդ տարիներին դպրոցից ու դասերից ազատ ժամանակ ընկերներով ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել ենք այս տարածքի ամեն մի անկյունն ու քարը: Այսօր ես ուրախ եմ իմ թաղի պատանիների համար, որ բակային խաղերից բացի նրանք կարող են գալ այս հրաշալի կենտրոն ու իրենց ազատ ժամանակը նաև այստեղ անցկացնել: Սա, իրոք, լավ հնարավորություն է»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանն ու դեսպան Թրեյսիին աջակցության համար:

Դեսպան Թրեյսին իր հերթին, կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը, համոզմունք է հայտնել, որ այն կլինի շարունակական:

«Միացյալ Նահանգները և Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ մեր հետզհետե ավելի ու ավելի շատ փոխկապակցված գլոբալ հասարակությունում երիտասարդների հաջողության գրավականը կրթությունն է՝ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի առումով: Հուսով եմ, որ նոր Տեխնոլաբը կօգնի լրացնել տեխնոլոգիաների նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը, որ այս պահին կա Հայաստանում»,- նշել է դեսպանը:

Քաղաքապետն ու դեսպանը շրջել են կենտրոնում, ծանոթացել Տեխնոլաբի հնարավորություններին, զրուցել սաների հետ:

Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ գրիչներով, ինչպես նաև կոդավորման ու ռոբոտիկայի համար անհրաժեշտ գործիքակազմով: Տեխնոլաբի նպատակն է նոր տեխնոլոգիաների և տեխնիկական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքների օգտագործման անվճար հնարավորությունների ապահովումը՝ հատկապես երիտասարդների համար:

Տոխնոլաբում կանցկացվեն կոդավորման և ծրագրավորման դասընթացներ, ուսուցումներ՝ կապված կենտրոնում առկա նոր տեխնոլոգիաների հետ: Այցելուները կարող են նաև բերել և տեղում օգտագործել իրենց անձնական սարքավորումները: Շինությունը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձնանց համար: Կենտրոնի բոլոր ծառայությունները և ծրագրերը կլինեն անվճար: