Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նա 24 տարեկան էր, երբ նախապատրաստեց և իրականացրեց սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ մահափորձը»․ Ռուբեն Շուխյան

719
Երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ., 04:20
«Նա 24 տարեկան էր, երբ նախապատրաստեց և իրականացրեց սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ մահափորձը»․ Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ «Ռուբինա Արեշյան. ազատության համար պայքարած հայուհին․․․ 20-րդ դարասկզբին հայ հայրենասիրական երիտասարդության անվերապահ կուռքն էր հանդիսանում խիզախ հայուհի Ռուբինա (Սոֆի) Արեշյան-Օհանջանյանը (1881, Թիֆլիս -1971, Կանադա): Նա տակավին 24 տարեկան էր, երբ 1905-ին Պոլսում, իր զինակիցների հետ, նախապատրաստեց և իրականացրեց սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ մահափորձը: Այդ գործողության ընթացքում ժամացույցի գործարկման միջոցով պայթեցվեց կառքում տեղադրված ռումբը, բայց սուլթանը հրաշքով ողջ մնաց: Ռուբինան ծնվել էր Թիֆլիսի կալվածատիրոջ ընտանիքում և վաղ հասակից ներգրավվել հայ ազգային ազատագրական շարժմանը: Լինելով վերին աստիճանի համարձակ և նպատակասլաց անձնավորություն, նա իր բարձր անհատականության շնորհիվ շուտով ընդգրկվում է Դաշնակցություն կուսակցության այն խմբում, որը պետք է Քրիստափոր Միքայելյանի ղեկավարությամբ ձեռնարկեր հայատյաց Աբդուլ Համիդի վրա մահափորձը: Դա լինելու էր հայ ազգային ուժերի պատասխան գործողությունը՝ «արյունոտ» սուլթանի կողմից 1904-ի Սասունի ապստամբության դաժան ճնշմանը, որին զոհ գնացին մոտ տասը հազար հայորդիներ: Սակայն մահափորձի նախապատրաստման արդեն վերջնական փուլում տեղի է ունենում անսպասելին՝ Քրիստափորը զոհվում է ռումբի փորձարկման ժամանակ: Առաջնորդի մահը ծանր հարված էր, սակայն Ռուբինան պնդում է, որ գործողությունը չպետք է չեղյալ համարվի, և որոշվում է այն հասցնել ավարտին: Մահափորձը պլանավորվում է իրականացնել Պոլսի Ելտըզ մզկիթի մուտքի մոտ, որտեղ ամեն ուրբաթ իր վերնախավի հետ նամազ էր անում սուլթանը: Նախնական մտահղացմամբ՝ Ռուբինան պետք է անձամբ ռմբահարեր սուլթանի շքախումբը: Սակայն որոշվեց փոխել այդ տարբերակը՝ որպես բազում վտանգներով լի: Մահափորձի իրականացման համար մեծ դժվարությամբ ձեռք է բերվում թանկարժեք կառք, որի մեջ գտնվող հատուկ թաքստոցում տեղադրվում է ժամացույցով գործարկվող հզոր ռումբ, որը պետք է պայթեր սուլթանի՝ մզկիթից անմիջապես դուրս գալու պահին: 1905-ի հուլիսի 21-ին Ռուբինան և ընկերները կարողանում են ռումբով կառքը հարմար կայանել մզկիթի մուտքին հնարավորինս մոտ և որոշված ժամով աննկատ գործարկել ժամացույցը: Երբ գալիս է պահը, ողջ Պոլիսը ցնցվում է ուժգին պայթյունից: Գործողությունից զոհվում են տասնյակ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն սուլթանը մզկիթից դուրս գալու պահին մի ակնթարթ հապաղում է և հրաշքով ողջ է մնում: Հետագա տարիներին Ռուբինան դառնում է Հայաստանի Առաջին Հանրապետության ապագա վարչապետ Համո Օհանջանյանի կինը՝ ցարական կառավարության կողմից 1908-ի «Դաշնակցության դատավարության» շինծու գործով դատապարտված և Սիբիր աքսորված Օհանջանյանի հետ մեկնելով աքսորավայր: Օհանջանյանները Հայաստան են վերադառնում են 1915-ի սկզբին, իսկ 1921-ին՝ Առաջին Հանրապետության անկումից հետո, նրանք հաստատվում են Կահիրեում, որտեղ Ռուբինան եռանդուն հայապահպան գործունեություն է ծավալում Համազգային հայ կրթական և մշակութային միությունում, որի հիմնադիրներից մեկը և երկարամյա նախագահն էր Համո Օհանջանյանը: Ամուսնու մահից հետո նա տեղափոխվում է Կանադա, որտեղ էլ 1971-ին մահանում է՝ 90 տարեկան հասակում՝ մինչև կյանքի վերջը պահպանելով իր անկոտրուն հայրենասիրական ոգին: Ռուբինա Արեշյանի արխիվային լուսանկարը՝ Մայքլ Բաբայանի ՖԲ էջից»։