Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Վահագն Պապյանը

309
Ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ., 19:15
Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Վահագն Պապյանը

Հունիսի 6-14-ը Երևանում անցկացվելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին ղեկավարելու է մեծանուն դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը։

Խաչատրյանի միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է դաշնամուր մասնագիտությամբ։ Մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ երաժշտական մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

Խաչատրյանի մրցույթի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների՝ նրանց ընձեռելով մասնագիտական առաջընթացի հնարավորություններ, իսկ գլխավոր առաքելությունն է մասնակից երաժիշտների միջոցով ամբողջ աշխարհում տարածել Արամ Խաչատրյանի արվեստը։ Այդ նպատակով մրցույթի պարտադիր կատարման ծրագրում ներառված են Խաչատրյանի ստեղծագործությունները։

Անցած 15 տարիների ընթացքում խաչատրյանական մրցույթի կարևորագույն ձեռքբերումներից է այն, որ դափնեկիրները հանդես են գալիս տարբեր բեմահարթակներում, բարձրացնում են Արամ Խաչատրյանի անունը, նաև դառնում այլ հեղինակավոր մրցույթների հաղթողներ։ Մրցույթը բազմաթիվ հայտնի անուններ է տվել երաժշտական աշխարհին: Նրանց թվում են Ֆյոդր Ռուդինը, Միրան Վոպոտիչը, Անդրեյ Իոնիցան, Յարոսլավ Նադրզիցկին, Նարեկ Հախնազարյանը և այլք: