Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ուրեմն՝ ինչո՞ւ է էդ արարքն էժանագին թվում». Արփի Ոսկանյան

581
Ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ., 18:10
«Ուրեմն՝ ինչո՞ւ է էդ արարքն էժանագին թվում». Արփի Ոսկանյան

Գրողների միության անդամ, գրող Արփի Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրբելյանի դաշնամուրների մասին

Որ մարդն ուզում է իր գույքն իր հետ տանել, ոչ մի խնդիր չկա։ Առավել ևս ինչի՞ պիտի թողնի, եթե իրեն վիրավորել են կամ իրեն վիրավորված է զգում։ Նա երաժիշտ է, ոչ թե օլիգարխ ու մեկենաս, որ բարեգործույթուններ անի։ Հա, մտածել է, որ Օպերան իրենն է, ինքը պիտի համարյա զրոյից ոտի կանգնեցնի, իր անունը ոսկե տառերով պիտի գրվի էդ թատրոնի և հայ մշակույթի պատմության մեջ, չի ափսոսել, առել է էն, ինչ անհրաժեշտ է եղել։ Հիմա պիտի թողնի, որ ի՞նչ։ Եվ ո՞ւմ պիտի թողնի՝ էն մարդկա՞նց, որ իր ձեռքից խլել են իր հնարավորությունը։ Ուրեմն, ինչո՞ւ է էդ արարքը, այնուամենայնիվ, էժանագին թվում։ Որովհետև նա ոչ թե վերցնում ու տանում է իր գույքը, ինչը նորմալ կլիներ, այլ սպառնում է, որ կտանի։ Դրանով ասում է՝ ես միայն ես չեմ ու իմ տաղանդը, ես նաև էդ ութ դաշնամուրն ու մեկ պրոյեկտորն եմ։ Ինձ կհանեք, կկորցնեք էդ դաշնամուրները։ Հանկարծ բոլորիս պարզ է դառնում, թե նրա արժեքային համակարգում որքան լուրջ տեղ է հատկացված նյութականին։ Այնքան լուրջ, որ ստացվում է՝ ինքն իրեն էդ դաշնամուրներից էժան է գնահատում, իր տաղանդի տեր մարդուն կորցնելը թողած՝ մենք պիտի մտածենք ութ դաշնամուրի մասին, մեզ զսպողը էդ դաշնամուրները պիտի լինեն, որ իրեն հանկարծ չնեղացնենք։ Իհարկե, սա նաև տարբեր մշակութային միջավայրում մեծացած լինելու հետևանք է։ Հայկական մշակույթի մեջ, այնուամենայնիվ, հոգևորը ավելի մեծ տեղ է զբաղեցնում, քան ամերիկյան մշակույթի մեջ։ Խոսքը նրա մասին չէ, որ Հայաստանում ապրող հայերը ավելի քիչ են «փողի մեռած», քան ամերիկացիները, խոսքը գաղափարախոսության ու արժեքների մասին է, որոնցով դաստիարակվում ենք, ու դրա հիման վրա ձևավորված մշակութային միջավայրի»։