Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Յուրաքանչյուր մարդու կյանքը հեքիաթ է՝ գրված Աստծո կողմից». այսօր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է

755
Երեքշաբթի, 02 ապրիլի, 2019 թ., 21:25
«Յուրաքանչյուր մարդու կյանքը հեքիաթ է՝ գրված Աստծո կողմից». այսօր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրն է

Աշխարհահռչակ բանաստեղծ, գրող և հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը ծնվել է 1805թ. ապրիլի 2-ին, Դանիայում:

Ավելի քան 125 լեզուներով թարգմանված հեքիաթները Հանս Քրիստիան Անդերսենին բերել են համաշխարհային ճանաչում։ Նրա գրած հեքիթներից են՝ «Անճոռնի բադիկը», «Անագե տոկուն զինվորը», «Ստվեր», «Ձյունե թագուհին», «Լուցկիներով աղջիկը», «Ջրահարսը», «Վայրի կարապները», «Մատնաչափիկը» և այլ գործեր, որոնք գրվել են և՛ մեծերի և՛ մանուկների համար:

«Ջրահարսը»
«Ջրահարսը»

Անդերսենի հայրը՝ Հանս Անդերսենը (1782-1816), եղել է աղքատ կոշկակար, մայրը՝ Աննա Մարի Անդերսդատերը (1775-1883), լվացարարուհի էր աղքատ ընտանիքից. վերջինս մանուկ հասակում ստիպված է եղել մուրացկանություն անել, իսկ մահվանից հետո թաղվել է աղքատների գերեզմանատանը։

Դանիայում հավատում են այն լեգենդին, թե Անդերսենն ունեցել է թագավորական ծագում, քանի որ նա վաղ կենսագրության մեջ գրել է, որ փոքր տարիքում միայն արքայազն Ֆրիթսի, հետագայում՝ Ֆրեդերիկ VII թագավորի հետ է խաղացել և արքայազնից բացի այլ ընկեր չուներ։
Մանուկ հասակից Հանսը հակված է եղել ստեղծագործելու, հաճախ տանը կազմակերպում էր փոքրիկ բեմադրություններ։

«Հովվուհին և ծխնելույզ սարքողը»
«Հովվուհին և ծխնելույզ սարքողը»

1816թ. մահանում է Անդերսենի հայրը, և նա ստիպված է լինում աշխատել. սկզբում՝ որպես ջուլհակի, ապա դերձակի օգնական։ Հետագայում նա աշխատում է նաև ծխախոտի ֆաբրիկայում։ Վաղ հասակում Հանս Քրիստիանը ինքնամփոփ երեխա է եղել՝ խոշոր կապույտ աչքերով, ով նստում էր անկյունում և խաղում իր սիրելի խաղը՝ տիկնիկային թատրոնը։ Վերջինով Հանսը հետաքրքրվում է նաև ավելի ուշ։ Նա հաճախում էր հրեական դպրոց։

14 տարեկանում Հանսը գնում է Կոպենհագեն՝ իր ասելով, ճանաչում ստանալու համար։ Նա թատրոն ընդունվելու մի քանի փորձ է անում և, ի վերջո, գեղեցիկ ձայնի համար նրան ընդունում են Թագավորական թատրոն, որտեղ նա խաղում է երկրորդային դերեր։ Հետագայում նրան ազատում են աշխատանքից։ Այն ժամանակահատվածում, երբ նա թատրոնում էր աշխատում, հասցնում է գրել պիես՝ հինգ ակտով և նամակ է ուղարկում թագավորին՝ համոզելով գումար տալ գրքի հրատարակության համար։ Գիրքը տպագրվում է, բայց ոչ ոք այն չի գնում։ Նա 3 անգամ գիրքը տանում է թատրոն, որպեսզի պիեսի հիման վրա ներկայացում տան, նրան մերժում են փորձի բացակայության պատճառով, բայց առաջարկում են սովորել։

«Մատնաչափիկ»
«Մատնաչափիկ»

1829թ. տպագրված «Հետիոտն ճամփորդություն Հոլման ջրանցքից Ամագերի արևելյան ծայրը» ֆանտաստիկ պատմվածքը Անդերսենին հանրահռչակ դարձրեց։ Մինչև 1833թ. շատ քիչ բան էր գրված։ Անդերսենը թագավորից ստացավ դրամաշնորհ, որով կատարեց իր առաջին արտասահմանյան ուղևորությունը։ Հենց այդ ժամանակից սկսած Անդերսենը գրում է բազմաթիվ գրական ստեղծագործություններ՝ այդ թվում 1835-ին նրան համբավ բերած «Հեքիաթները»։ «Յուրաքանչյուր մարդու կյանքը հեքիաթ է՝ գրված Աստծո կողմից»,- ասել է աշխարհահռչակ հեքիաթագիրը:

«Սառցե թագուհին»
«Սառցե թագուհին»

1872թ. Անդերսենը ընկավ մահճակալից, խիստ վնասվեց և այլևս չապաքինվեց։ Նա ապրեց ևս երեք տարի։ Անդերսենը վախճանվեց 1875 թ. օգոստոսի 4-ին։ Նրա մարմինը հանգչում է Կոպենհագենի Ասիսթենս («Assistens») գերեզմանատանը։