Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Վնասվածքների մասին համապարփակ վիճակագրությունը թույլ կտա կանխել դրանք». ԻՔՄ

286
Ուրբաթ, 29 մարտի, 2019 թ., 03:05
«Վնասվածքների մասին համապարփակ վիճակագրությունը թույլ կտա կանխել դրանք». ԻՔՄ

Ձեզ ենք ներկայացնում «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը՝ «Վնասվածքների մասին համապարփակ վիճակագրությունը թույլ կտա կանխել դրանք» թեմայով:

«Ամեն տարի աշխարհում 5,8 մլն մարդ է մահանում տարբեր տեսակի վնասվածքներից, որը կազմում է բոլոր պատճառներից առաջացած մահերի 10%-ը և հաշմանդամության բոլոր պատճառների՝ 16-%ը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ վնասվածք ստանալու ավելի բարձր ռիսկն սպառնում է ավելի ցածր սոցիալտնտեսական շերտերի ներկայացուցիչներին, որոնք ավելի քիչ են օգնություն ստանում կանխարգելիչ ծրագրերից: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ «Վնասվածքների (տրավմատիզմի) հիմնախնդիրներն աշխարհում և Հայաստանում» զեկույցի, ՀՀ վնասվածքների, թունավորումների և այլ արտաքին պատճառների հետևանքով Հայաստանում ամեն տարի մահանում է ավելի քան 1200 մարդ։ Այս ցուցանիշը կազմում է Հայաստանում ամեն տարի գրանցվող մահերի 4,8%-ը և մահվան մյուս պատճառների թվում զբաղեցնում չորրորդ տեղը։ Ընդ որում, ըստ 2017-ին հրապարակված զեկույցի տվյալների, 2005-2017թթ․ ավտովթարների հետևանքով երկրում զոհվել է ավելի քան 4000 մարդ: Ուշագրավ է, սակայն, որ ինչպես ցույց են տալիս հետազոտության տվյալները, տարբեր տեսակի վնասվածքները հատուկ են լինում տարբեր տարիքային և սոցիալական խմբերի ներկայացուցիչներին։ Այսպես, օրինակ, ճանապարհատրանսպորտային պատահարների առավելագույն մեծ թվով մահվան դեպքերը գրանցվում են 15-29 տարիքային խմբում: Մասնավորապես՝ 2015թ. դրությամբ գրանցվել է ՃՏՊ առաջացած մահացության 319 դեպք, ընդ որում՝ դեպքերի 80%-ն արձանագրվել է տղամարդկանց մոտ, 87%-ը՝ 16-62 տարեկանների խմբերում: Վնասվածքների տեսակների բազմազանությունը, սակայն, պարտադրում է այդ գործում տարբեր գերատեսչությունների ակտիվ ներգրավում և մասնակցություն, որպեսզի ստեղծվի վնասվածքների տարածվածության վերաբերյալ համապարփակ տեղեկատվական համակարգ։ Ընդհանրապես, միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ վնասվածքների կանխարգելման արդյունավետ ծրագրի մշակման համար կարևոր պայման է հանդիսանում վնասվածքների մասին ամբողջական տվյալների առկայությունը: Վնասվածքների օրինաչափությունների դիտարկումն օգնում է պարզել վնասվածքների տարածվածությունը կանանց և տղամարդկանց, երեխաների և տարեցների մոտ, որն էլ հնարավորություն է տալիս մշակել հասցեական կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված բնակչության առանձին սեռատարիքային և սոցիալական խմբերին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ըստ այդմ, առաջարկում է, որ Հայաստանի առողջապահական ոլորտն ունենա առանձին պատճառներից առաջացած վնասվածքների և մահվան ելքերի վերաբերյալ տվյալների համեմատությունը այլ պատճառներից առաջացած վնասվածքների և մահվան ելքերի վերաբերյալ տվյալների հետ, ինչպես նաև բնակչության տարբեր խմբերում հիվանդացության և մահացության ցուցանիշների հաշվարկ՝ 100 000 բնակչության հաշվով: Ըստ այդմ, առաջնորդվելով ԱՀԿ-ի առաջարկություններով, նպատակահարմար է առանձնացնել առողջապահական համակարգին վերապահված հետևյալ ուղղությունները՝ քաղաքականության մշակում, տվյալների հավաքագրում, տուժածներին բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերում, կանխարգելում, կադրային ներուժի մասնագիտական վերապատրաստում և հանրային իրազեկում: Հարկ է նշել, որ այս նպատակով Հայաստանում արդեն մշակվել է «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում գրանցված վնասվածքների և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքների մասին» հաշվետվական նոր ձև։ Հաշվետվական ձևում վնասվածքների և արտաքին պատճառների ներգործության որոշ այլ հետևանքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է՝ ըստ տարիքային խմբերի, ինչպես նաև ըստ վնասվածքների բնույթի։ Հաշվետվական ձևի ներդրումը հնարավորություն կընձեռնի ստեղծել վնասվածքների վերաբերյալ տեղեկատվական համակարգ և իրականացնել համալիր գիտական ուսումնասիրություններ՝ ուղղված հետագա վնասվածքների նվազեցմանը կանխարգելիչ միջոցառումների բարելավման և քաղաքականության մշակման գործում»։