Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը

220
Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 11:30
ՄԻԵԴ-ը հետաձգել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը

2019 թվականի մարտի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի՝ պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար, այս մաիսն տեղեկանում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջից: