Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ

327
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 16:40
Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը կապված է կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ըստ պաշտպանի՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ յուրաքանչյուր ոք, ով զրկված է ազատությունից իրավունք ունի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը և վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել, եթե կալանավորումը եղել է անօրինական:

Ալումյանի խոսքով՝ կան նաև մի քանի վճիռներ, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այդ կոնվենցիոն նորմից բխում է, որ վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ քննել բողոքը:

«Մենք բողոք ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան դեռևս դեկտեմբերի 25-ին և մինչև հիմա այդ դատարանը ոչ միայն բողոքը չի քննել, այլ նաև վարույթ չի ընդունել, իսկ դատարանը պետք է անհապաղ քննի բողոքը: Մենք երկար սպասեցինք և մի քանի անգամ հրապարակայնացրեցինք այս խնդիրը, հույս ունենալով, որ Վճռաբեկ դատարանը հետևություն կանի, բայց այդ կառույցը ոնց կար, այդպես էլ մնաց: Մենք որոշեցինք, որ Վճռաբեկ դատարանին ինչ-որ մի բան հասկացնելու ամենակարճ ճանապարհը Եվրոպական դատարանն է»,- ընդգծել է Ալումյանը:

Նա նշել է, որ Հայաստանի օրենքները ստորադաս են Եվրոպական կոնվենցիայի համեմատ և, եթե Հայաստանի օրենքը նախատեսում է, որ 3 ամսվա ընթացքում պետք է Վճռաբեկ դատարանը որոշի վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցը, ապա Եվրոպայի կոնվենցիան ասում է, որ կալանավորման հետ կապված հարցը պետք է քննվի անհապաղ: Ուրեմն մեր օրենսդրությունն արդեն նշանակություն չունի: Եթե Վճռաբեկ դատարանը սպասում է, որ 3 ամիսը լրանա և վերջին օրը կայացնի որոշում, ամենայն հավանականությամբ, դա կհամարվի Եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածի 4-րդ կետի խախտում: Եվրոպական դատարանի այն գործում, որը վկայակոչվել է գանգատում, ընդամենը 20 օրվա մեջ էր նիստը նշանակվել: Եվրոպական դատարանը համարեց, որ անհապաղ քննելու սկզբունքը խախտված է»,- եզրափակել է Ալումյանը: