Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Շուշիում կբացվի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը

365
Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 20:15
Շուշիում կբացվի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը

Ապրիլի 3-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում տեղի կունենա նկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսը կրում է «Քո անունն է կին» խորագիրը:

«Կանանց աշխարհը շատ խորն ու զանազան է, շատերի համար անհասկանալի:

Ասում են՝ ինչ կինն է ուզում, դա Աստված է ուզում։

Պետք է խոստովանել, որ կինը հիմնականում ուզում է սեր, երեխաներին առողջություն և հաջողություն, կայուն զարգացում և ապահով կյանք։

Նկարիչը, հատկապես կին նկարիչը շատ զգացմունքային է:

Այս աշխատանքներում դուք կտեսնեք իմ էությունն ամենայն անկեղծությամբ՝ սիրով, հուզմունքով, տարբեր նախասիրություններով, հավատքով և հավատալիքներով…

Ժամանակակից կին լինելը, ժամանակի հետ զուգընթաց քայլելը շատ կարևոր է։

Իմ կյանքում եկավ մի պահ, երբ հասկացա, որ բացի ստեղծագործելուց, ես կարող եմ իրականացնել նաև հասարակական գործունեություն՝ ի նպաստ մշակույթի զարգացման, և արդեն 5 տարի է, ինչ զբաղվում է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ», -նշում է Արմինե Թումանյանը։

Նկարչուհին հավատացած է, որ չնայած խիստ զբաղվածության, ցանկացած գործ, որն արվում է սիրով, շատ լավ է ստացվում և արժեքավոր ու օգտակար է լինում նաև հասարակության համար։