Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Որդեկորույս մայրը նոր իշխանությունից պահանջում է մահացած որդու գործի արդար քննություն

442
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 12:40
Որդեկորույս մայրը նոր իշխանությունից պահանջում է մահացած որդու գործի արդար քննություն

«Ես երեխա եմ ուղարկել բանակ, էսօր ես ունեմ գերեզման, նույնիսկ 12 տարի հետո չունեմ մահվան պատճառ»,- ասում է կառավարության դիմաց ակցիա իրականացնող սևազգեստ մայրերից Գոհար Սարգսյանը:

12 տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը պնդում է, որ իր որդուն սպանել են, այժմ նա Կառավարության դիմաց պահանջում է, որ իր որդու՝ Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքները պարզվեն:

Ցուցարարները նշեցին, որ մոտ մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան ՀԿ-ներ համաձայնագիր են կնքել՝ ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը պետք է ուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան քրեական գործերը։ «Ես հանձնաժողովի հետ չեմ հանդիպել, ես ուղղակի գնացի, որ պայմաններն իմանամ ՝ ինչ ֆորմատով են իրենք վերանայելու գործը»,- ասում է սևազգեստ մայրը:

Գոհար Սարգսյանի խոսքով՝ այժմ էլ նրանք կարող են սպասել վերանայման ընթացքին և եթե արդյունք չտա, կդիմեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ 2007թ. օգոստոսի 30-ին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացել է ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Ըստ փորձագետների տված եզրակացության՝ մահվան պատճառը հոսանքահարումն է: Սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, եզրակացությունը կասկածի տակ են դնում Տիգրանի ծնողները՝ պնդելով, որ իրենց որդուն իրականում սպանել են: