Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 16 հունիսի, 2019 թ.

2019-ի ապրիլն Ալաբամայում հայտարարվում է Ցեղասպանության մասին իրազեկման ամիս

127
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 19:05
2019-ի ապրիլն Ալաբամայում հայտարարվում է Ցեղասպանության մասին իրազեկման ամիս

Ինչպես արդեն հայտնել էինք, Ալաբաման դարձավ ԱՄՆ-ի 49-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվեյն իր հռչակագրում նշել է, որ Օսմանյան Կայսրության իշխանությունները նախագծել և իրականացրել են երեք միլիոն հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն:

«Հայոց ցեղասպանության ընթացքում 1915-1923 թվականներին կոտորածի են ենթարկվել մեկ ու կես միլիոն էթնիկ հայ տղամարդիկ, կանայք և երեխաներ, ինչպես նաև՝ մեկ միլիոնից ավելի հույներ, ասորիներ և այլ ազգություններ: Այդ կոտորածներն իրականացվել են նախապես նախագծված՝ նպատակ ունենալով ոչնչացնել այդ բնիկ համայնքները Օսմանյան կայսրությունում: Դա մեր ժամանակների առաջին ցեղասպանությունն էր, որն արդարադատություն է պահանջում»,- գրված է Ալաբամայի նահանգապետի հռչակագրում, տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սթիվ Մեսրոբյանը ողջունելով նահանգապետ Այվեյի հռչակագիրն ընդգծել է Ալաբամայի հայ համայնքի ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման աշխատանքին: Ալաբամայի նահանգապետը նշել է նաև իր հռչակագրում, «Հայաստանը, Հունաստանը, Կիպրոսը և Լեռնային Ղարաբաղը ազատ անկախ, ժողովրդավար պետություններ են, որոնք հանդիսանում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցները տարածաշրջանում»: Նահանգապետի որոշմամբ, 2019-ի ապրիլն Ալաբամայում հայտարարվում է Ցեղասպանության մասին իրազեկման ամիս: