Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մոր և մանկան առողջության պահպանումը նախարարության գերակա խնդիրներից է». Արսեն Թորոսյան

297
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 22:10
«Մոր և մանկան առողջության պահպանումը նախարարության գերակա խնդիրներից է». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն՝ ծանոթանալու մատուցվող ծառայությունների որակին:

Այցի ընթացքում նախարարին է ներկայացվել բժշկական կենտրոնի բազայի վրա ստեղծվելիք Պերինատալ կենտրոնի կառուցվածքը: Առաջարկվել է առաջիկայում կազմակերպել շահագրգիռ կողմերի քննարկում:

Տնօրինության հետ հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ մոր և մանկան առողջության պահպանումը նախարարության գերակա խնդիրներից է, և ոլորտի հարցերն անձամբ իր ուշադրության կենտրոնում են: Քննարկվել են նաև այս ոլորտում առաջիկա ծրագրերի իրականացման հնարավորությունները, ռազմավարությունը:

«Միշտ կարիք կա զարգացնելու մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը, որպեսզի հնարավորինս նվազի մայրական և մանկական մահացության ցուցանիշը»,- ասել է նախարարը:

Նշենք, որ Հայաստանում գրանցվել է 2016-ին՝ մայրական մահացության 12 դեպք, որից մանկաբարձական պատճառներից՝ 4-ը, 2017-ին՝ 3 դեպք, մանկաբարձական՝ 1-ը, իսկ 2018-ին՝ մահացության 8 դեպք , որից 2-ն են մանկաբարձական: 2019 թվականին գրանցվել է մայրական մահացության միայն մեկ դեպք:

Ըստ վիճակագրության պետական կոմիտեի կարող ենք արձանագրել, որ առկա է մանկական մահացության դեպքերի նվազում: Ըստ 1000 կենդանածնի ցուցանիշների 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. 2015-ին՝ մահացության 370 դեպք, 2016՝-ին 356, 2017-ին՝ 307, 2018-ի նախնական տվյալներով՝ 260 դեպք: