Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.

«Պաշտպանի գրասենյակի նախագահին ասեք, որ առանց իմ կարծիքը հարցնելու պաշտպան չուղարկի»․ Արմեն Բիլյան

92
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 12:30
«Պաշտպանի գրասենյակի նախագահին ասեք, որ առանց իմ կարծիքը հարցնելու պաշտպան չուղարկի»․ Արմեն Բիլյան

Այսօր «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ հանրային պաշտպանի գրասենյակի հետ միասին որոշում է կայացվել նոր պաշտպան ներգրավել այս գործին։

«Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Բիլյանն ասաց, որ դեմ է այդ որոշմանը․ «Ես բացարձակապես չեմ կարողանում հանրային պաշտպանների հետ աշխատել։ Նրանք իմ մոտ չեն գալիս, իմ կարծիքը չեն հարցնում, ուղղակի գալիս՝ ներկա են ստանում, գնում են։ Ես հանրային պաշտպան չեմ ուզել․․․Պաշտպանի գրասենյակի նախագահին ասեք, որ պաշտպան չուղարկի առանց իմ կարծիքը հարցնելու։ Ես դեմ եմ․ եթե կուղարկի այնպիսի պաշտպան, որն իմ հետ կարող է նորմալ աշխատել, թող ուղարկի»,- հայտարարեց Բիլյանը՝ կրկնելով, որ հրաժարվում է պաշտպանից։

Պավել Մանուկյանը, որին հրավիրեցին դահլիճ սույն հարցի շուրջ կարծիք հարցնելու, նույնպես հայտարարեց, որ իրեն հանրային պաշտպան պետք չէ։

Դատավոր Մակյանն արձագանքեց, որ այս հարցի վերաբերյալ դատարանն ունի իր հստակ դիրքորոշումը և արդարացված է համարում հանրային պաշտպանի ներգրավումն այս գործին։

Այդպիսով, որոշում կայացվեց հանրային պաշտպան Սեդրակ Մկրտչյանին նշանակել որպես Արմեն Բիլյանի և Պավլիկ Մանուկյանի շահերի պաշտպան։

Բիլյանը բողոքեց որոշման դեմ՝ հայտարարելով, թե դատարանը ոնց ուզում՝ էնպես էլ անում է։

Հիշեցնենք, որ Շենգավիթի նստավայրում այսօր հարցաքննվում են «Սասնա ծռեր»-ի գործով տուժողները:

Հիշեցնենք նաև, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։