Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Սուրեն Պապիկյանը՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված սեփականության վկայականների մասին

140
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 11:15
Սուրեն Պապիկյանը՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված սեփականության վկայականների մասին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ապօրինի աճուրդներին և տարածքների սեփականաշնորհմանը. «Ցավոք սրտի, ՀՀ-ում տարիներ, տասնամյակներ շարունակ ընդունված ավանդույթ է եղել, երբ պաշտոնյաները պաշտոնը ստանձնելուց հետո իրենց պարտքն են համարել սկսել ազատ տարածքների սեփականաշնորհման, այսպես կոչված՝ փայ անելու գործընթացը»:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներին՝ նախարարը նշեց. «ՀՔԾ-ն ուսումնասիրություն է կատարել Մանվել Գրիգորյանին «պատկանող» տարածքներում, որովհետև քննության արդյունքում, չմտնելով նույնիսկ քննության մեջ, մեզ տրված տվյալների համաձայն, կարող ենք ասել, որ գոնե համապատասխան ցուցմունքների հիման վրա նախնական եզրակացություն կա, որ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով, ոչ մրցութային»:

Այժմ տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավական և վարչական վերահսկողության վարչությունն ուսումնասիրություններ է կատարում Դիլիջանում, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արշալույս, Հայթաղ, Գրիբոյեդով, Պտղունք, Ակնալիճ, Մեծամոր և այլ համայնքներում: «Այս համայնքներում առկա են հողատարածքներ, որոնք հասնում են տասնյակ, հարյուրավոր հեկտարների, և որոնք պատկանում են տարբեր մարդկանց և որոնց սեփականության վկայականները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ համապատասխան ուսումնասիրություններից հետո կդիմեն վարաչական դատարան: