Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Հաց բերողի հուշակոթողի հեղինակային էսքիզը

245
Երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ., 22:55
Հաց բերողի հուշակոթողի հեղինակային էսքիզը

Դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայրենակիցներ․․․
Դուք տեղյակ եք, որ շուրջ մեկ տարի հանրային քննարկմանն էր դրված, Հաց Բերողի հիշատակին նվիրված, Անահիտ Թարխանյանի հեղինակած հուշարձան-կոթողի նախագիծը։ 2018 թվականի փետրվարին էր, երբ պատրստվում էինք դիմել քաղաքապետարան՝ կոթողին գործնական ընթացք տալու համար։ Բոլորիս հայտնի պատճառներով և բարեբախտաբար, դիմումը չուղարկեցինք։ Կարծես Հաց Բերողն ինքը նույնպես, իր հետմահու արդար գոյությամբ նպաստեց երկրում իրավիճակի փոփոխությանը։ Եվ ահա, ուղիղ մեկ տարի անց՝ 2019-ի փետրվարին Դիմումը հանձնել ենք Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, որն էլ խոստացավ, որ կհանձնի անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանին։ Տեղը, որ ճարտարապետը ընտրել է կոթողի համար, շատ հարմար, բաց տարածք է, կարծես վայրն ինքն է պահանջում նման կոթող այդտեղ։ Ոչ մի ծառահատում չի պահանջում։ Ճիշտ Մարգարյան ծննդատան դիմաց, խորհրդանշելով մանկական անմեղությունը, որով աչքի էր ընկնում այդ բացառիկ անձնազոհ մարդը՝ Արթուր Սարգսյանը, ում մարդկային տեսակը յուրաքանչյուրիս համար չափանիշ պիտի լինի։
Ստորև ներկայացնում եմ Դիմումը՝ ամբողջությամբ։

Երևանի քաղաքապետ՝ Պարոն
Հ․ Մարությանին, մշակույթի
գործիչներից՝
Դիմում

Որպես մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, մենք չենք կարող անտարբեր մնալ հասարակության մեջ նկատվող նյութապաշտության, ագրեսիվության, անհանդուրժողականության և նման երևույթների հանդեպ։ Կարծում ենք, որ պետք է ուշադրություն դարձնել երիտասարդ սերնդի բարոյական կերպարի ձևավորմանը։
Հաց Բերող անունը ստացած Արթուր Սարգսյանին նվիրված հուշարձան-կոթողի տեղադրմամբ քաղաքացիական հանրությունը հուշարձան տեղադրած կլինի՝ մարդասիրությանը, անշահախնդրությանը, քաջությանը՝ հատկություններ, որոնք խորհրդանշում են Հաց Բերողին և իր անձնազոհ արարքը։
Դիտարկելով հուշարձան-կոթողի տեղադրման համար բազմաթիվ վայրեր, նպատակահարմար ենք գտնում առաջարկել Բեյրութի և Իտալիայի փողոցների միջև տեղակայված այգու տարածքը, որպես առավել համապատասխան վայր։
Կից ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը նախագծի հեղինակային էսքիզը։

Գարեգին Դավթյան - քանդակագործ
Թամար Հովհաննիսյան - դերասանուհի, ռեժիսոր
Հասմիկ Պապյան - օպերային երգչուհի
Եղիշե Պետրոսյան - երգահան
Անահիտ Թարխանյան - ճարտարապետ