Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվեց ևս մեկով

374
Կիրակի, 17 մարտի, 2019 թ., 15:10
ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվեց ևս մեկով

Օրեր առաջ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը: ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը»:

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվեց ևս մեկ՝ «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» արժեքով, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ հայտ ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացնելու հանգամանքով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի հայտեր ներկայացնելու ընթացա­կարգային մի շարք որոշումներով խրախուսվում է տարբեր անդամ պետությունների համատեղ հայտերի գրանցումը: Որպես համաքրիստոնեական կանգուն հնագույն սրբատեղի և իբրև համամարդկային մշակութային արժեք՝ 1955 թվականից վանքը ներառված է Իրանի պատմական հուշարձանների, իսկ 2008 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում «Իրանի հայկական վանական համալիրները» անվանակարգով: «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» տարրի գրանցմամբ կարժևորվի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համատեղ պահպանությունն ու կենսունակության ապահովումը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային համագործակցությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈՒՆԵՍԿՕ են ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո միայն: