Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 24 մարտի, 2019 թ.

ՀՔԾ-ն նախազգուշացնում է

120
Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 22:50
ՀՔԾ-ն նախազգուշացնում է

Մարտի 1-ի քրեական գործից անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ վարույթն իրականացնող մարմինն այդ մասին հայտնել է կողմերին և նրանց տրամադրել գործի նյութերը: Դրանից հետո զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար հրապարակվում են հիշյալ քրեական գործով նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Մասնավորապես, 2019թ.-ի մարտի 14-ին և 15-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է կամ, հենց հիշյալ լրատվամիջոցի բնորոշմամբ, օրաթերթի «ձեռքում են հայտնվել» ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի և ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանի՝ որպես վկա հարցաքննության արձանագրություններից որոշ հատվածներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործի նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն (...) կազմելով: Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ մինչ նախաքննության ավարտը քրեական դատավարության կողմերը չեն կարող նախաքննական գաղտնիքը բացահայտող տեղեկություններ հրապարակել կամ փոխանցել այլ անձանց, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի, առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում հասանելի դարձած՝ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից: