Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.

«Շտկե՛ք իրավիճակը, հեռացրե՛ք համակարգից նախկիններին»․ Գագիկ Եղիազարյան

78
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 12:25
«Շտկե՛ք իրավիճակը, հեռացրե՛ք համակարգից նախկիններին»․ Գագիկ Եղիազարյան

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
Պարոն Փաշինյան, ես ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ Հարկային պետական տեսչությունն աշխատում է ավելի անմարդկային սկզբունքներով, քան էր նախորդ ռեժիմի օրոք, կբերեմ մի փոքրիկ ապացույց․ Երևանյան փոքրիկ՝ երեք քառակուսի մետրանոց մի կրպակում, որտեղ ժամացույցներ են վաճառում, որպես ձեռնարկատեր գրանցված է երիտասարդ ամուսիններից կինը։ Իհարկե, հասկանալի է, որ երիտասարդ ընտանիքներում, որտեղ կան երեխաներ, ոչ միշտ կարող է կինն օրվա նշանակալից մասը նվիրել իր աշխատանքին և օրվա տարբեր ժամերին ամուսինը նրան փոխարինում է, իսկ ավելի կոնկրետ՝ հիմնականում ամուսինն է լինում կրպակում։ Կրպակն այնքան փոքր է, որ այնտեղ երեք մարդ միաժամանակ ներսում գտնվել չեն կարող, ու հետևաբար կրպակը չունի միլիոնների շրջանառություն։ Վերջիններս, ինչպես վայել է գիտակից քաղաքացիներին, բոլոր գնորդներին տրամադրում են հդմ կտրոն, չեն խուսափում իրենց հարկային պարտավորություններից և դրա ապացույցն այն է, որ տասն օր արտաքին դիտարկում և հսկողություն իրականացնելու պարագայում, ինչպես հենց իրենք են խոստովանել, հարկային տեսչության աշխատակիցները խախտում հայտնաբերել չեն կարողացել և միայն պատճառաբանությամբ, որ քանի որ որպես ձեռնարկատեր գրանցված է կինը, իսկ հիմնականում ամուսինն է գործունեություն ծավալում, պետք է ակտավորվեն։ Երկար բացատրություն-խնդրանքներից հետո, քանի որ նշված երիտասարդի համար չափազանց մեծ բեռ է 170 000 դրամ գումարը, աշխատակիցները մնացել են անդրդվելի և պահանջում են կաշառք՝ այդ տուգանքը չգրելու համար, քաղաքացուն կանգնեցնելով երկնտրանքի առջև՝ կամ հանցանք գործել և կամ էլ տուգանվել խոշոր չափի գումար, որն ի վիճակի չեն վճարել․․․ Եթե այդ երիտասարդ ընտանիքը փակի իր կրպակը՝ տուգանքը մուծել չկարողանալու պատճառով, կհայտնվեն օրվա հացի խնդրի առջև։

Պարոն վարչապետ, նախ ՀՀ-ում հարկային դրույքաչափերը որոշ դեպքերում խելագար չափերի են հասնում և ոչ թե նպաստում են տնտեսության զարգացմանն ու առաջընթացին, նաև՝ խոչընդոտում, նպաստում են ոչ թե ներգաղթին և ներդրումներին, այլև արտագաղթին և ֆինանսական արտահոսքին, ոչ թե մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, այլ՝ մոնոպոլիային․․․ Շտկե՛ք իրավիճակը, արագացրեք փոփոխությունների գործընթացը, ավելացրեք ազնիվ և նվիրյալ մասնագետների և խելացի մարդկանց ներգրավվածությունը և հեռացրեք համակարգից նախկիններին, որոնք շարունակում են նախկին բարքերը․․․»։