Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Շարքային Կարեն Կարապետյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի

250
Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 11:25
Շարքային Կարեն Կարապետյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի

2019թ. մարտի 12-ին՝ ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ վերին վերջույթի ու կրծքավանդակի շրջաններում հրազենային միջանցիկ մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: