Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թրամփն ու Կիմ Չեն Ինն ավարտել են բանակցությունները՝ առանց համաձայնության հասնելու

4036
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 14:55
Թրամփն ու Կիմ Չեն Ինն ավարտել են բանակցությունները՝ առանց համաձայնության հասնելու

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ավարտվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանակցությունները: Կողմերը համաձայնության չեն հասել: Լավատեսական նոտայով սկսված բանակցությունների ձախողման մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:

«Երկու առաջնորդները քննարկել են ապամիջուկայնացման շուրջ հաջողության հասնելու տարբեր ուղիները, ինչպես նաև տնտեսական հարցերը: Ներկա փուլում որևէ համաձայնագիր չի ստորագրվել: Սակայն կողմերի ներկայացուցիչները մոտ ապագայում ևս կհանդիպեն»,- ասել է նա:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ պլանավորված աշխատանքային ճաշը չեղարկվել է, նույն ճակատագրին է արժանացել նաև փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Ավելի ուշ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Թրամփը հայտնել է, որ պատրաստ չէ լիովին չեղարկել Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական պատժամիջոցները:

Չնայած բանակցությունների ձախողմանը՝ Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ինը խոստացել է չվերսկսել միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների փորձարկումները:

ԱՄՆ նախագահը հայտնել է լավատեսության և առաջընթացի մասին:

Ասուլիսից հետո Թրամփն ուղևորվել է օդանավակայան և մեկնել ԱՄՆ: Կիմ Չեն Ինը մնացել է Հանոյում, քանի որ նախատեսված էին նրա բանակցությունները Վիետնամի ղեկավարների հետ:

«Խոշոր ձախողում է»,- Twitter-ի իր էջում գրել է «Ploughshares» հիմնադրամի նախագահը՝ նշելով գագաթնաժողովի սահմանափակ ձևաչափը:

Chicagotribune պարբերականը գրում է բանակցությունների «լավատեսական ոգու» մասին: