Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ինչպիսի՞ ցուցմունք տվեցին «Սասնա ծռեր»-ի գործով տուժողները

231
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 15:05
Ինչպիսի՞ ցուցմունք տվեցին «Սասնա ծռեր»-ի գործով տուժողները

Այսօր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությանը հարցաքննվում են տուժողները, որոնք գտնվել են ՊՊԾ-ի տարածքում:

Տուժող ոստիկան Վիգեն Մարտիրոսյանը դատարանում հայտարարեց, որ ինքն իրեն տուժող է ճանաչում, քանի որ ենթարկվել է հոգեբանական ճնշման: Պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ի՞նչ է հասկանում հոգեբանական ճնշում ասելով, տուժողը չկարողացավ հստակեցնել: «Երբ որ ինքնաձիգով ինչ-որ մեկը հսկում է, որ դու մի սենյակից դուրս չգաս, դրանից վախ եմ զգացել: Ամբողջ իրավիճակը վախ ներշնչող էր, երբ ես ներս եմ մտել, հրաձգություն էլ է եղել, դրանից ավել ի՞նչ լինի»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ դեմ չէ «Սասնա ծռեր»-ի անդամների նկատմամբ համաներում կիրառելուն:

Հաջորդ տուժողը Լյուդվիգ Չալաբյանն էր, որը 2016թ․հուլիսի 17-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի և բժշկուհի Անահիտ Ենգիբարյանի հետ մտել է ՊՊԾ գունդ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Նա ՊՊԾ գունդ մտած շտապ օգնության վարորդն է: Լ. Չալաբյանը հայտարարեց, իրեն գործով տուժող չի ճանաչում և «Սասնա ծռեր»-ի անդամների համաներմանը չի առարկում:

Ցուցմունք տվողների մեջ էր նաև սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի ընկեր Վլադիմիր Սիրեկանյանը, որը ՊՊԾ-ի գրավման օրը գնդի տարածքի պահպանություն էր իրականացնում: Նա պատմեց, որ իր ընկերոջ՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանի ձեռքից արյուն էր հոսում մինչև ոտքերը, լավ չէր հիշում որ ձեռքից էր, բայց կողմնորշվելուց հետո ասաց՝ «ոնց որ ձախից էր»: Այնուհետև նշեց, որ լավ չի հիշում՝ ձե՞ռքն էր կապած, թե՞ շորերն էր արյունոտ:

Պաշտպանակն կողմը տուժողից խնդրեց հստակեցնել՝ հագո՞ւստն էր արյունոտ, թե՞ ձեռքն էր վնասված, քանի որ եթե հուլիս ամիսն էր, բնականաբար, թևերը փակ չէին և չէր կարող այդ հանգամանքն աննկատ մնալ:

Սպանված ոստիկանի կինը նույնպես հարց ուղղեց տուժող Սիրեկանյանին, թե Մկրտչյանի ո՞ր մասից էր արյուն հոսում:

Սիրեկանյանը նշեց, որ լավ չի հիշում, ապա հիշելով պատասխանեց, որ աջ ձեռքից էր: Տուժողը հայտարարեց, որ դեմ է համաներում կիրառելուն: