Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը

1386
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 18:10
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը

Մարտի 4-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կրում է «Քո անունն է կին» խորագիրը: «Կանանց աշխարհը շատ խորն ու զանազան է, շատերի համար անհասկանալի: Ասում են՝ ինչ կինն է ուզում, դա Աստված է ուզում։ Պետք է խոստովանել, որ կինը հիմնականում ուզում է սեր, երեխաներին առողջություն և հաջողություն, կայուն զարգացում և ապահով կյանք։ Նկարիչը, հատկապես կին նկարիչը շատ զգացմունքային է: Այս աշխատանքներում դուք կտեսնեք իմ էությունն ամենայն անկեղծությամբ՝ սիրով, հուզմունքով, տարբեր նախասիրություններով, հավատքով և հավատալիքներով… Ժամանակակից կին լինելը, ժամանակի հետ զուգընթաց քայլելը շատ կարևոր է։ Իմ կյանքում եկավ մի պահ, երբ հասկացա, որ բացի ստեղծագործելուց, ես կարող եմ իրականացնել նաև հասարակական գործունեություն՝ ի նպաստ մշակույթի զարգացման, և արդեն 5 տարի է, ինչ զբաղվում է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ»,- նշում է Արմինե Թումանյանը։

Նկարչուհին հավատացած է, որ չնայած խիստ զբաղվածության, ցանկացած գործ, որն արվում է սիրով, շատ լավ է ստացվում և արժեքավոր ու օգտակար է լինում նաև հասարակության համար։ նշենք, որ ցուցահանդեսի մուտքն ազատ է: