Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Կար մի բան, որի մասին քչերը գիտեին». Հովիկ Չարխչյան

445
Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 18:20
«Կար մի բան, որի մասին քչերը գիտեին». Հովիկ Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը՝ 1923թ. ապրիլի 15-ին: Սակայն կար մի բան, որի մասին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում՝ դիահերձման ժամանակ որդին՝ Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը՝ Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի... ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի...»:
Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքնության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան: Միայն 1994-ին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, որ Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության»: